211652_close_icon
views-count4113 դիտում article-date 21:00 16-05-2017

ՀՀ զինվորական դատախազը խորհրդակցություններ է անցկացրել 5 կայազորների զինվորական դատախազություններում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը խորհրդակցություններ է անցկացրել Եղեգնաձորի, Գորիսի, թիվ 1, թիվ 2, թիվ 3 կայազորների զինվորական դատախազություններում: Ինչպես տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից, խորհրդակցությունների ընթացքում կայազորների զինվորական դատախազները զեկուցել են կայազորում հանցավորության վիճակի, շարժընթացի, ինչպես նաև հանցագործությունների բացահայտման վերաբերյալ տվյալները, ներկայացրել դրանց բարելավման ուղղությամբ կատարված աշխատանքը: Անդրադառնալով պետության սեփականության դեմ ուղղված հանցատեսակների բացահայտման ցուցանիշներին, ՀՀ զինվորական դատախազը հանձնարարել է առավել հետևողական լինել դրանց կանխարգելման ուղղությամբ կատարվող միջոցառումներին, ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների վերաբերյալ քրեական գործերի քննության լրիվության, օբյեկտիվության, բազմակողմանիության և արդյունավետության ապահովմանը՝ նշելով, որ այդ հանցագործություններից չբացահայտվածները առանձին դեպքերում օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների կատարման հապաղումների, դրանք չպլանավորված և չհամակարգված իրականացնելու հետևանք են: Ուշադրություն հրավիրելով կրկնահանցագործությունների դեպքերի վրա՝ դատախազը նշել է, որ դրանց վիճակագրությունը վկայում է որդեգրված քրեական քաղաքականության՝ պատժի նպատակների իրացման տեսանկյունից արդյունավետության մասին: ՀՀ զինվորական դատախազը նշել է նաև, որ անհրաժեշտ է ավելի ակտիվացնել կրկնահանցագործությունների դեմ նախականխիչ միջոցառումները՝ հատկապես ազատազրկման վայրերից վերադարձած անձանց հանցավոր հակումների նկատմամբ հսկողությունն ուժեղացնելու միջոցով: Զինվորական դատախազը հանձնարարել է հաճախակի հանդիպումներ անցկացնել զինծառայողների հետ՝ նրանց պարզաբանելով կանոնադրային փոխահարաբերությունների պահպանման կարևորությունը, ինչպես նաև յուրաքանչյուր զինծառայողի պարտականությունների չկատարման արդյունքում առաջացող բացասական հետևանքները, այդ թվում քրեական պատասխանատվության ենթարկվելու հավանականությունը: Անդրադառնալով հանցավորության կանխման խնդիրներին՝ Վահե Հարությունյանը կարևորել է յուրաքանչյուր դեպքում հանցագործության պատճառները և դրան նպաստող պայմանները քրեական գործի նախաքննությամբ պարզելու և դրանք վերացնելու ուղղությամբ դատախազական ներգործության միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտությունը: Զինվորական դատախազը հանձնարարել է ակտիվացնել ջանքերը քրեական վարույթի շրջանակներում զինծառայողների իրավունքներն ու ազատությունները երաշխավորելու, դրանց անհիմն սահմանափակումները բացառելու ուղղությամբ, այդ նպատակով գործի դնելով դատախազական ներգործության բոլոր միջոցները՝ իրավական լուծումների միասնականությունը, որոշակիությունը երաշխավորելով: Կատարած աշխատանքի արդյունավետության բարձրացման նպատակով ՀՀ զինվորական դատախազը կարևորել է իրավապահ մարմինների աշխատանքի համակարգվածության, միասնականության, կանխատեսելիության և հրապարակայնության ապահովման անհրաժեշտությունը: Խորհրդակցության վերջում ՀՀ զինվորական դատախազ Վահե Հարությունյանը տվել է առանձին հանձնարարականներ: Այցի շրջանակում ՀՀ զինվորական դատախազը այցելել է նաև N զորամաս, ծանոթացել զինվորների առօրյային: Այցելության ժամանակ զրուցել է նորակոչիկների և սպայական անձնակազմի հետ` կարևորելով ՀՀ զինված ուժերում կանոնադրային փոխհարաբերությունների պահպանումը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր