211652_close_icon
views-count1934 դիտում article-date 17:15 17-05-2017

Սփյուռքահայ ուսանողները հանդիպել են «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի ռեժիսորի և դերասանների հետ

Մայիսի 16-ին ՀՀ սփյուռքի նախարարության աջակցությամբ «Շարմ Հոլդինգ» ընկերությունը կազմակերպեց «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց» ֆիլմի դիտումը սփյուռքահայ ուսանողների, սիրիահայ հայրենադարձ ընտանիքների համար: Ներկաներն առանձնակի հուզմունքով դիտեցին ֆիլմը, որից հետո ռեժիսոր Մհեր Մկրտչյանն ու դերասանները զրուցեցին հանդիսատեսի հետ: Սփյուռքահայ ուսանողների խորհրդի փոխնախագահ Սարգիս Ղազարյանն ընդգծեց, որ հայ հանդիսատեսը միանգամից սիրեց ու բարձր գնահատեց ֆիլմը՝ հավելելով. «Պարզապես անհրաժեշտ է կոմերցիոն նպատակներով նկարահանված ֆիլմերի կողքին ստեղծել ազգային գաղափարախոսություն, արժեհամակարգ ձևավորող նման գործեր»: Դերասանուհի Նարինե Գրիգորյանը նշեց, որ ինքը և դերասանական ողջ կազմը հաճույքով ու նվիրումով են աշխատել Մհեր Մկրտչյանի հետ՝ գիտակցելով, թե որքան կարևոր ասելիք ունի ֆիլմը ինչպես հայաստանցիներին, այնպես էլ Սփյուռքի հայությանը: «Ֆիլմը հայության բոլոր շերտերի, աշխարհի բոլոր ծայրերում ապրող հայերի համար է: «Կյանք ու կռիվ» ֆիլմի նկարահանումների ընթացքում սկսվեց ապրիլյան պատերազմը, որն էլ մեզ մղեց ստեղծելու երկրորդ ֆիլմը», - նշեց ռեժիսոր Մհեր Մկրտչյանը: Հանդիսատեսն անդրադարձավ նաև ֆիլմի երաժշտությանը՝ նշելով, որ կոմպոզիտոր Արմեն Մարտիրոսյանի երաժշտությունն ամբողջացնում և ավելի հոգեհարազատ է դարձնում ֆիլմը: «Պատահական չէ, որ Սփյուռքում այդքան լավ ընդունվեց և այդպես սիրվեց առաջին ֆիլմը: Վստահ եմ, որ նույն ճակատագրին կարժանանա «Կյանք ու կռիվ 2. 25 տարի անց»-ը», -ասաց սիրիահայ հայրենադարձ տիկին Աշխենը: Հանդիպման ավարտին ներկաները շնորհակալություն հայտնեցին ստեղծագործական խմբին նման հնարավորություն ընձեռելու համար և հույս հայտնեցին, որ հայ իրականության մեջ կշարունակեն ստեղծվել բարձրարժեք ֆիլմեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր