6716 դիտում
15:01 19-05-2017
Սուրեն Կարայանը Սերժ Սարգսյանին զեկուցել է ոլորտի բարեփոխումների և իրականացվող ծրագրերի մասին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Հանրապետության Նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանն այսօր զեկուցել է արտահանման զարգացման և ներդրումների ներգրավման ուղղությամբ արձանագրված արդյունքների և իրականացվելիք աշխատանքների վերաբերյալ։
Սուրեն Կարայանը նշել է, որ նախարարությունը աշխատանքներ է իրականացնում 2017 թվականի առաջին ամիսներին արձանագրված տնտեսական ցուցանիշների դրական դինամիկան պահպանելու և հետագա կայուն զարգացում ապահովելու ուղղությամբ։ Նախարարի պաշտոնակատարի խոսքով՝ գերատեսչությունը նպատակադրվել է առաջիկա 5 տարիների ընթացքում ՀՆԱ կառուցվածքում արտահանման կշիռը հասցնել 45%-ի։ Նախարարի պաշտոնակատար Կարայանը տեղեկացրել է, որ այդ նպատակով ուսումնասիրվել են արտահանման աճի ներուժ ունեցող արդյունաբերության ճյուղերը և գործող ձեռնարկությունների զարգացման ծրագրերը։ Վերջիններիս ցուցաբերվում է անհրաժեշտ պետական աջակցություն՝ առկա ներուժը իրացնելու նպատակով։ Ձևավորվել է նաև ներմուծման փոխարինման համար նպատակահարմար ապրանքների ցանկ, որոնք համապատասխան օժանդակության պարագայում մրցունակ կլինեն ներմուծվող ապրանքների նկատմամբ։
Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանը Նախագահին զեկուցել է արտահանման նոր շուկաներ ներթափանցման և առկա շուկաներում դիրքերի ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ իրականացվող աշխատանքները։ Նախարարի պաշտոնակատարը, մասնավորապես, անդրադարձել է Եվրասիական տնտեսական միության շուկայում հայկական ապրանքների առաջմղման, խոշոր առևտրային ցանցերում դրանց ներգրավման, ԵԱՏՄ միասնական շուկաների և համատեղ արտադրության շղթաների ձևավորման ուղղությամբ քայլերին։ Հանդիպման ժամանակ անդրադարձ է եղել նաև Եվրամիությունում գործող GSP+ առևտրի արտոնյալ համակարգի շրջանակներում ՀՀ արտահանման ներուժի իրացմանն ուղղված միջոցառումներին և հեռանկարներին։ Սուրեն Կարայանի հավաստմամբ, աշխատանքներ են իրականացվում արտահանման աջակցության գործիքակազմի առավել լայն կիրառման և անհրաժեշտության պարագայում՝ դրանց արդյունավետության բարձրացման ուղղությամբ։
Նախարարի պաշտոնակատար Կարայանը Նախագահին տեղեկացրել է, որ մշակվել է Հայաստանի 2017 թվականի գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագիրը, և համալիր միջոցառումների իրականացման դեպքում ակնկալվում է, որ, այլ հավասար պայմաններում, ՀՀ դիրքը Համաշխարհային բանկի «Գործարարությամբ զբաղվելը» զեկույցում 38-րդից կբարձրանա 26-րդ` գրանցելով 12 կետով բարելավում: Ըստ Սուրեն Կարայանի, նախատեսվում է առաջիկա 4-5 տարիների ընթացքում Հայաստանը դիրքավորել լավագույն 20 երկրների շարքում:
Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի պաշտոնակատարը Հանրապետության Նախագահին զեկուցել է նաև «Օտարերկրյա ներդրումների մասին» ՀՀ նոր օրենքի մշակման աշխատանքների ընթացքի վերաբերյալ, որով նախատեսվում են ներդրողների պաշտպանության նոր երաշխիքներ։ Նախարարի պաշտոնակատարն անդրադարձել է ներդրումային գրավչության և պոտենցիալ ներդրումային ծրագրերի ներկայացմանը և մասնավորապես, ներդրումային ծրագրերի հարթակին, որտեղ այժմ ներկայացված է 55 ներդրումային ծրագիր։ Նախարարի պաշտոնակատարը Նախագահին ներկայացրել է ներդրումային հիմնադրամների ձևավորման աշխատանքների ընթացքը։ Նրա խոսքով՝ ներդրումների խթանման նպատակով ստեղծվող «Սյունիք» ազատ տնտեսական գոտին կմեկնարկի 2017թ․ աշնանը։
Նախարարի պաշտոնակատար Սուրեն Կարայանի զեկույցը ներառել է նաև զբոսաշրջության ոլորտում գերատեսչության իրականացրած աշխատանքները։ Ըստ զեկույցի, մինչև 2020 թվականը կանխատեսվում է ներգնա զբոսաշրջային այցելությունների թիվը կրկնապատկել:
Հանրապետության Նախագահի կողմից տրվել են համապատասխան հանձնարարականներ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
913 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
934 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»