211652_close_icon
views-count1052 դիտում article-date 15:18 23-05-2017

ՀՀ պատվիրակությունը Փարիզում մասնակցում է Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության վեհաժողովի աշխատանքներին

2017 թվականի մայիսի 21-26-ը Փարիզում տեղի է ունենում Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության /OIE-ԿԱՀԿ/ 85-րդ գագաթաժողովը, որին մասնակցում են կազմակերպության անդամ 180 երկրների պատվիրակներ, ինչպես նաև անասնաբուժության ոլորտի պետական լիազոր մարմնի ներկայացուցիչներ և մասնագետներ: Քննարկվում են կենդանիների առողջությանն առնչվող և համընդհանուր նշանակություն ունեցող հիմնահարցեր: Համաշխարհային գագաթաժողովի 85-րդ գլխավոր նստաշրջանի աշխատանքներին մասնակցում է նաև ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետ Իշխան Կարապետյանի գլխավորած պատվիրակությունը: Գագաթաժողովի շրջանակներում ծրագրված է քննարկել կենդանիների հիվանդությունների հսկման մեթոդների մի շարք միջկառավարական ստանդարտներ՝ ուղղված մարդկանց համար վարակիչ հիվանդությունների վերահսկմանը, կենդանիների ու կենդանական ծագման մթերքի միջազգային առևտրի անվտանգության ապահովմանը, կներկայացվի նաև 2016-2020 թվականների ռազմավարական վեցերորդ ծրագրի իրականացման ընթացքը: Որպես կարևոր ուղղություն, օրակարգում է հակաբիոտիկների նկատմամբ մանրէների կայունության խնդիրը՝ «Մեկ առողջություն» նախաձեռնության շրջանակներում գործողությունների ծրագրով: Քննարկվելու են նաև կենդանիների առողջության ապահովման ոլորտում հասարակություն-մասնավոր համագործակցության հնարավորությունները և ակնկալվող արդյունքները: Հայկական պատվիրակությունն այս օրերին հանդիպումներ է ունենալու մի շարք պետությունների գործընկեր կառույցների ներկայացուցիչների հետ: [b]Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության մասին [/b] Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպությունը (OIE) աշխարհի հնագույն և ազդեցիկ միջազգային կազմակերպություններից է: Այն ստեղծվել է 1924 թվականի հունվարի 25-ին Փարիզում: 1997 թվականի դեկտեմբերի 12-ից Հայաստանի Հանրապետությունը դարձել է ԿԱՀԿ-ի լիիրավ անդամ: Ներկայումս այդ հեղինակավոր կազմակերպությանն անդամակցում են 180 երկրներ: Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության անդամ յուրաքանչյուր երկիր պարտավորվում է անմիջապես կամ պարբերաբար, WAHID տեղեկատվական համակարգի միջոցով, տեղեկատվություն ներկայացնել տվյալ երկրում արձանագրված կենդանիների հիվանդությունների վերաբերյալ: 2015-ից Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության պատվիրակը Հայաստանի Հանրապետությունում ՀՀ ԳՆ ՍԱՊԾ աշխատակազմի անասնաբուժության տեսչության պետն է:

Նմանատիպ նյութեր