5548 դիտում
17:30 29-05-2017
Լոնդոնում կայացել է մեծաշուք տոնախմբություն` նվիրված Հայոց բանակի կազմավորման և Շուշիի ազատագրման 25-ամյակին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Լոնդոնում` Թեքեյան Խնամակալ Մարմնի նախաձեռնությամբ կայացավ մեծաշուք տոնախմբություն` նվիրված Հայոց բանակի կազմավորման եւ Շուշիի ազատագրման 25-ամյակին:
Միջոցառմանը ներկա էին Մեծ Բրիտանիայի եւ Իռլանդիայի հայոց թեմի հայրապետական պատվիրակ եւ առաջնորդ Տ. Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչներ, այդ թվում Գ.Տահտայան կիրակնորյա դպրոցի սաներ, ինչպես նաեւ այլազգի բարեկամներ:
Ձեռնարկի պատվավոր հյուրերն էին Հայաստանից հատուկ այս առիթով հրավիրված ազատամարտիկ, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը, ազատամարտիկ, գնդապետ Ռոմիկ Մարգարյանը եւ ազատամարտիկ, կինոռեժիսոր, սցենարիստ Սամվել Թադեւոսյանը:
Միջոցառումը սկսվեց Հայաստանի ազգային օրհներգով, որից հետո բացման խոսքով հանդես եկավ Լոնդոնի Թեքեյան Խնամակալ Մարմնի պատվավոր քարտուղար Վարդան Ուզունյանը: Շնորհավորելով համայն հայությանը երկու կարեւորագույն իրադարձությունների առթիվ, նա կարեւորեց Հայաստանի, Սփյուռքի եւ Արցախի միասնությունը, ինչի շնորհիվ հնարավոր եղավ Արցախի ազատագրումն ու անկախությունը, ինչպես նաեւ Ապրիլյան պատերազմում թշնամուն դիմակայելը: Նրա խոսքով անհրաժեշտ է շարունակել միավորված լինել եւ նորովի ձեռնամուխ լինել Հայրենիքի զարգացման, ամրապնդման ու բարգավաճման գործին: Վ.Ուզունյանը կարեւորեց նաեւ հայկական մշակութային արժեքների պահպանման ու տարածման անհրաժեշտությունը: Հենց այս առաքելությամբ էլ տասնամյակներ շարունակ առաջնորդվում են ԼԹԽՄ եւ հարակից կառույցները:
Հյուրերին ողջունեց նաեւ գնդապետ Ռոմիկ Մարգարյանը, ով անդրադարձ կատարեց Արցախի ազատագրման դժվարին ուղուն՝ լի ձեռքբերումներով, փորձություններով ու մարտահրավերներով, եւ մասնավորապես 1992թ. ռազմական գործողություններին, որոնք հաղթական ավարտ ունեցան մայիսի 9-ին Շուշիի ազատագրումով գեներալ Արկադի Տեր-Թադեւոսյանի /Կոմանդոս/ գլխավորությամբ: Գնդապետը նաեւ շնորհակալություն հայտնեց բրիտանացի բարեկամներին եւ մասնավորապես բարոնուհի Քերոլայն Քոքսին՝ արցախյան խնդրի քաղաքական լուծման հարցում մեծ ավանդ ունենալու համար: Գնդապետի խոսքով, հայերը պատերազմ չեն ցանկանում, սակայն լիարժեք հաղթանակ ունենալու համար պետք է տալ վերջին կռիվը. հայոց բանակը մարտունակ է, եւ նրա ետեւում կանգնած է ողջ հայությունը:
Ձեռնարկի ընթացքում ցուցադրվեց Սամվել Թադեւոսյանի հեղինակած Շուշիի ազատագրմանը նվիրված վավերագրական ֆիլմ:
Տոնական միջոցառումը շարունակվեց մշակութային ծրագրով, որի երաժշտական մասն ապահովեց Լոնդոնի «Կոմիտաս» կամերային երգչախումբը. դիրիժոր Գրիգոր Նաջարյանի գլխավորությամբ երգչախումբը կատարեց Ղ. Ալիշանի «Իմ Կիլիկիա», Կոմիտասի «Ծիրանի ծառ», Կ. Զաքարյանի «Շախով շուխով» երգերը եւ «Ձայն մը հնչեց» ազգային երգը: Այնուհետեւ ասմունքեցին Գ.Տահտայան կիրակնորյա դպրոցի սաներ Հարություն Վարդանյանը /Գուսան Հայկազուն՝ «Պատերազմ ենք գնում»/, Վահե Ավեջանը եւ Անդռե Քարաբեյեքյանը /Հ. Շիրազ՝ «Իմ սուրբ Հայրենիք»/ եւ ԽՍՀՄ վաստակավոր արտիստ Ժենյա Ներսիսյանը /Սիամանթո՝ «Ես երգելով կուզեմ մեռնել», Պ. Սեւակ՝ «Մայրենի լեզու»/: Համերգային մասն եզրափակվեց Լոնդոնի «Ախթամար» պարային համույթի ելույթով /«Յարխուշտա», «Եռագույն», «Մենք ենք մեր սարերը»:
Հանդիսավոր ձեռնարկն ավարտվեց Տ. Հովակիմ եպիսկոպոսի շնորհավորական խոսքով եւ աղոթքով:
Ողջ երեկոն վարեց ազատամարտիկ, Շուշիի ազատագրման մասնակից լոնդոնաբնակ Արա Պետրոսյանը, որին շնորհակալական մեդալ հանձնեց գնդապետ Ռոմիկ Մարգարյանը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 9+
9+
Նմանատիպ նյութեր
17940 դիտում
08:34 10-05-2018
Լոռու մարզի Սարչապետ համայնքում նշվեց Հաղթանակի, Շուշիի ազատագրման և Արցախի բանակի կազմավորման օրը.ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
2540 դիտում
20:45 11-05-2017
Շուշիի ազատագրման 25-ամյակին նվիրված ցուցահանդես է կայացել Լոս Անջելեսում
Այս բաժնից
661 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան
736 դիտում
11:45 21-12-2024
Փաշինյանը շնորհավորել է Մակրոնի ծննդյան օրն ու նրան հրավիրել Երևան
781 դիտում
10:48 21-12-2024
2024-ի ձմեռային արևադարձը ՀՀ-ում տեղի կունենա այսօր, ժամը 13:20:30-ին