211652_close_icon
views-count2558 դիտում article-date 18:07 29-05-2017

«Անհրաժեշտ է ապահովել մշտական հետադարձ կապ մեր համաքաղաքացիների հետ». Տարոն Մարգարյան

Երևանի քաղաքապետարանում կայացած աշխատանքային հերթական խորհրդակցության ժամանակ, որը վարել է քաղաքապետ Տարոն Մարգարյանը, զեկուցվել է, որ բազմաբնակարան բնակելի շենքերի պահպանման ուղղությամբ տարվող աշխատանքների շրջանակում սահմանված ժամանակացույցով ընթանում են մուտքերի նորոգման աշխատանքները: Այս տարվա ծրագրով նախատեսված 1618 մուտքերից արդեն վերանորոգվել է 297-ը: Շարունակվում է նաև հարթ և թեք տանիքների նորոգումը: Քաղաքապետը հանձնարարել է խիստ հսկողության տակ պահել աշխատանքների ընթացքը՝ դրանց վերահսկման հարցում շարունակելով ներգրավել նաև շենքերի բնակիչներին: «Աշխատանքներն իրականացնելիս թե՛ համատիրությունը և թե՛ վարչական շրջանի համապատասխան բաժինը պետք է մշտապես կապի մեջ լինեն բնակիչների հետ: Միայն ներկայացվող տեղեկանքներով չպետք է բավարարվել: Մշտական հետադարձ կապ ապահովեք մեր համաքաղաքացիների հետ, որպեսզի հստակ իմանաք, թե որքանո՞վ են բնակիչները գոհ կատարված աշխատանքից և, ընդհանրապես, բարձրացված այս կամ այն խնդրի լուծումից», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Ի կատարումն Երևանի քաղաքապետի հանձնարարականի՝ սահմանված ժամկետում ուսումնասիրվել և ըստ ոլորտների ամփոփվել են վերջին մեկ ամսվա ընթացքում քաղաքացիների կողմից բարձրացված հարցերն ու առաջարկությունները: Ըստ այդմ զեկուցվել է, որ քաղաքապետարանի և վարչական շրջանների աշխատակազմեր ստացվել է 399 դիմում և առաջարկություն: Հարցերի մեծ մասը վերաբերել է կոմունալ տնտեսության, անշարժ գույքի, շինարարության և բարեկարգման, ճարտարապետության և քաղաքաշինության, ինչպես նաև առողջապահության վարչություններին: Ստացված 399 դիմում-առաջարկություններից 344-ին արդեն տրվել է համապատասխան ընթացք, մյուսները գտնվում են քննարկման փուլում: Այս ուղղությամբ քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանձնարարել է ներկայացված առաջարկներն անհրաժեշտության դեպքում դարձնել ծրագրային առաջնահերթություններ և հետևել ընթացիկ աշխատանքների պատշաճ իրականացմանը՝ այս հարցում ևս ապահովելով քաղաքացիների հետ հետադարձ կապը:

Նմանատիպ նյութեր