211652_close_icon
views-count1377 դիտում article-date 11:25 24-06-2015

Մեր համաքաղաքացիների վստահությունը ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար. Տարոն Մարգարյան

Երևանի համաչափ զարգացման համատեքստում մայրաքաղաքում իրականացվող բակերի համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում ընթացիկ տարում լայն թափով աշխատանքներ են իրականացվել նաև Էրեբունի վարչական շրջանում: Քաղաքապետ Տարոն Մարգարյանը Էրեբունի վարչական շրջան կատարած աշխատանքային շրջայցի շրջանակում բնակիչների հետ միասին մասնակցել է բարեկարգ հերթական բակի հանդիսավոր բացմանը: Պատասխանատուները զեկուցել են, որ կատարված աշխատանքների շրջանակում շուրջ 4000 քմ տարածքը հիմնովին բարեկարգվել և ապահովվել է բնակիչների հանգստի կազմակերպման համար անհրաժեշտ բոլոր պայմաններով: Բակում տեղադրվել են նստարաններ, զրուցարաններ, փոքրիկների համար էլ կառուցվել է ֆուտբոլի խաղադաշտ և տեղադրվել են մանկական ժամանակակից խաղեր ու մարզական գույք: Համալիր բարեկարգման ծրագրի շրջանակում բակում կառուցվել է նաև շատրվանով փոքրիկ ջրավազան: Քաղաքապետը շրջել է բակում և բնակիչների հետ միասին գնահատել կատարված աշխատանքը: Իրենց գոհունակությունը հայտնելով Երևանի քաղաքապետին՝ բնակիչները ողջունել են ցուցաբերվող մոտեցումն ու հատկանշել, որ վարչական շրջաններում իրականացվող ծրագրերը մայրաքաղաքի համաչափ զարգացման ամենախոսուն ապացույցն են: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն էլ շնորհավորել և շնորհակալություն է հայտնել բնակիչներին՝ բակերի բարեկարգման ծրագրերին ակտիվ մասնակցելու և քաղաքային իշխանության նկատմամբ ցուցաբերած վստահության համար, նաև վստահեցրել է, որ նախանշված զարգացման բոլոր ծրագրերը լինելու են շարունակական: «Վերջին 3-4 տարիներին բակային տարածքների բարեկարգումը որպես առաջնահերթություն է դիտարկվում մայրաքաղաքի զարգացման ծրագրերում: Սա նաև մեր նախընտրական ծրագրի բաղադրիչներից մեկն է, ու մենք տարեցտարի հետևողականորեն կյանքի ենք կոչում այն: Ընդ որում, բակերի բարեկարգման ծրագիրը ևս իրականացվում է մայրաքաղաքի համաչափ զարգացման սկզբունքով և այդ տեսանկյունից նույնպես արդյունքները գոհացուցիչ են ու աննախադեպ: Մասնավորապես վերջին երեք տարիներին բարեկարգվել ու մեր համաքաղաքացիների տնօրինմանն է հանձնվել շուրջ 1400 բակային տարածք: Այս տարի ծրագրել ենք ևս 400-ի բարեկարգումը, որոնց մեծ մասն էլի բաժին է ընկնելու ծայրամասային վարչական շրջաններին: Ուզում եմ հավաստիացնել, որ մեր համաքաղաքացիների վստահությունը ամենակարևոր ձեռքբերումն է մեզ համար, ու մենք շարունակելու ենք հետևողականորեն կյանքի կոչել բոլոր այն ծրագրերը, որոնք խոստացել ենք մեր բնակիչներին»,- ընդգծել է քաղաքապետը: Աշխատանքային շրջայցի շրջանակում Երևանի քաղաքապետը մասնակցել է նաև վարչական շրջանի Տ. Չուխաջյանի անվան երաժշտական դպրոցի հանդիսավոր բացմանը: Տնօրենի ուղեկցությամբ քաղաքապետը շրջել է ուսումնական հաստատությունում, ծանոթացել իրականացված աշխատանքներին: Տարոն Մարգարյանը մեկ անգամ ևս վստահեցրել է, որ այս ծրագիրը ևս լինելու է շարունակական, և հարմարավետ պայմաններ են ապահովվելու Երևանի բոլոր կրթամշակութային օջախներում: Քաղաքապետը նաև հավելել է, որ աստիճանաբար լուծում է ստանում գույքի թարմացման խնդիրը, որը ևս կլինի շարունակական: Երաժշտական դպրոցի տնօրեն Նաիրա Վահանյանն էլ իր հերթին նշել է, որ դպրոցն էական ներդրում ունի Հայաստանի երաժշտական արվեստի զարգացման, հանրության հոգևոր դաստիարակության գործում, և հավելել, որ ծրագիրն իսկապես սպասված էր ինչպես աշխատակազմի, այնպես էլ դպրոց հաճախող երեխաների ու նրանց ծնողների համար: Քաղաքապետ Տարոն Մարգարյանն ունկնդրել է նաև դպրոցի սաների կատարումները:

Նմանատիպ նյութեր