8992 դիտում
21:06 02-06-2017
Տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիպիլի և Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը
«Պատասխան՝ 100 տարի անց» ծրագրի նախաձեռնությամբ, ՀՀ սփյուռքի և մշակույթի նախարարությունների աջակցությամբ «Սինեմա սթար» կինոթատրոնում տեղի ունեցավ պոլսահայ երգչուհի Սիպիլի և "The beautified project" ռոք խմբի հիմնադիր և մեներգիչ Անդրե Սիմոնյանի «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակի շնորհանդեսը։ Երգի հեղինակն է Հասմիկ Հախվերդյանը, տեսահոլովակի ռեժիսորը՝ Դավիթ Այվազյանը։ Նախաձեռնությանն աջակցել են նաև հոլանդական «Բրուններա» հիմնադրամը և «Տերյան» մշակութային կենտրոնը։
Շնորհանդեսի մեկնարկին ելույթ ունեցավ ՀՀ սփյուռքի նախարարի տեղակալ Սերժ Սրապիոնյանը: Նա մասնավորապես նշեց. «Սիպիլը եզակի երգչուհի է, քանի որ նա Թուրքիայի պետական բեմերում հայերեն երգելու իրավունք ունի, նրա երգերը հնչում են թուրքական հեռուստաընկերություններով, մեծ տարածում են վայելում: Այսպիսով՝ մենք, ի դեմս Սիպիլի, Թուրքիայիում ունենք մի հզոր դեսպան, ում արվեստը կարող է մեղմացնել այն բոլոր բացասական տրամադրությունները, որոնք առկա են Թուրքիայում հայ համայնքի նկատմամբ: Եվ այս ամենը Սիպիլի թովիչ ձայնի և նրբաճաշակ երգացանկի շնորհիվ է: Սիպիլը արդեն տասը տարի ճանաչում էր վայելում Ստամբուլում, երբ պատահաբար նրան ներկայացրին ՀՀ սփյուռքի նախարար Հրանուշ Հակոբյանին: Այդ հանդիպումը-զրույցը այնքան էր ոգևորել նախարարին, որ նա երգչուհուն հրավիրեց Հայաստան, և դա շրջադարձային եղավ Սիպիլի կյանքում: Այս երգչուհին մեզ համար բացառիկ է, և այդ բացառիկությունը առավել ընդգծվեց Անդրե Սիմոնյանի համագործակցության արդյունքում, երբ շունչ ստացավ այս հրաշալի երգը: «Քեզ եմ երգելու» ստեղծագործությունը Հայրենիք վերադարձի կոչ լինելուց բացի հաղորդակցություն է օտար եզերքներում ապրող հայերի սրտերի միջև: Սա զրույց է հոգու հետ, երբ մարդու մեջ արթնանում է ինքնության գիտակցությունը»:
Այնուհետև երգի կատարողներ Սիպիլը և Անդրե Սիմոնյանը ներկայացրին Հայրենիքի հետ կապված իրենց պատմությունները և երգի ստեղծման ուղին: «Ես առաջին անգամ Հայաստան եկա 1996 թվականի սեպտեմբերին: Անկախության օրվա նախապատրաստություններն էին ընթանում, Հանրապետության հրապարակում երիտասարդներ էին հավաքված, իսկ Երևանը մթության մեջ էր: Ինձ թվում է՝ ես հենց այդ օրը սիրահարվեցի Հայրենիքիս: Պապիկս երազում էր, որ իր թոռներից մեկը Հայաստանում ապրեր: Ես իրագործեցի իր երազանքը, և ահա արդեն 11 տարի է՝ այստեղ եմ ապրում: Այս ընթացքում միշտ ցանկանում էի մի հայրենասիրական երգ երգել, և երբ լսեցի «Քեզ եմ երգելու» երգը, կարծես այն իմ հայրենադարձության պատմությունը լիներ: Արդյունքը եղավ իմ ու Սիպիլի այս համագործակցությունը, որը նախևառաջ հնարավորություն էր արտահայտելու իմ հայրենասիրությունը»,-նշեց Անդրե Սիմոնյանը:
Երգչուհի Սիպիլը իր խոսքում ասաց. «Իմ մանկությունը անպատասխան հարցերով է անցել, քանի որ չէի հասկանում՝ ինչու դրսում չէր թույլատրվում հայերեն խոսել, ինչու հեռուստատեսությամբ հայկական երգ ու երաժշտություն չէր հնչում և այսպես շարունակ: Սակայն երբ հետագայում պատմությունն ուսումնասիրեցի, իրականությունը իմացա, սկսեցի ավելի ամուր լարերով կապել հայ մշակույթին, մասնավորապես՝ հայ երգարվեստին: Տարիներ շարունակ երգում էի եկեղեցական երգչախմբում, սակայն երազում էի իմ երգերը, մտքերը լայն լսարանին հասցնել: Այդպես թողարկեցի իմ առաջին «Սիպիլ» ալբոմը, և այն մեծ արագությամբ հասավ Հայաստան ու տարածվեց Սփյուռքում: Իսկ ահա «Քեզ եմ երգելու» երգը լսեցի դեռևս մեկ տարի առաջ և շատ հավանեցի: Ես միշտ երախտապարտ կմնամ երգի հեղինակին՝ Հասմիկ Հախվերդյանին, այս երգն ինձ ու Անդրեին նվիրելու համար»:
Այնուհետ հանդիստեսին առաջին անգամ ներկայացվեց «Քեզ եմ երգելու» երգի տեսահոլովակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2875 դիտում
10:28 20-04-2017
Փոստանջյանի գեներում երգելու տաղանդ կա, բայց անձամբ այդպիսի տաղանդ չունի. նա չի երգելու «Առավոտ»
3326 դիտում
21:43 16-08-2019
Պոլսահայ երգչուհի Մարալ Այվազ. «Երևանով զբոսնելիս ներսս լցվում է աննկարագրելի խաղաղությամբ». ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
868 դիտում
14:05 21-12-2024
Վաղը երեկոյան և դեկտեմբերի 24-ի գիշերը սպասվում է թույլ ձյուն
766 դիտում
13:44 21-12-2024
«Տարվա էտալոն» մրցանակը՝ Ռոզա Ծառուկյանին
676 դիտում
12:23 21-12-2024
Ռուբինյանց 2/2 հասցեին հարակից տարածքում երեխաները նոր խաղահրապարակ ունեն. Փաշինյան