211652_close_icon
views-count4489 դիտում article-date 21:44 02-06-2017

«Նոր համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլ նաեւ ԵՄ-ի համար». Արմեն Աշոտյան

ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Արմեն Աշոտյանը հունիսի 2-ին ընդունել է Ֆինլանդիայի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Արյա Մակոնենին եւ Ֆինլանդիայի ԱԳՆ առեւտրային հարցերով խորհրդական Սառա Օհլսին: Ողջունելով հյուրերին ՀՀ Ազգային ժողովում՝ Արմեն Աշոտյանը կարեւորել է երկու երկրների խորհրդարանների համապատասխան հանձնաժողովների փոխգործակցության ակտիվացումը: Հանձնաժողովի նախագահն իր խոսքում անդրադարձել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը եւ ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունը բարձր է գնահատում խաղաղ կարգավորման գործընթացում Ֆինլանդիայի Հանրապետության հավասարակշիռ եւ անկողմնակալ դիրքորոշումը: Այս համատեքստում Արմեն Աշոտյանն ընդգծել է Ադրբեջանի ապակառուցողական եւ բանակցային գործընթացը տապալելու արկածախնդիր քաղաքականության հետ կապված թիրախային հայտարարությունների դերն ու նշանակությունը: Հանձնաժողովի նախագահն անթույլատրելի է համարել Ադրբեջանում պետական մակարդակով հայատյացության տարածումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցին՝ Արմեն Աշոտյանն ընդգծել է այն փաստը, որ Ցեղասպանության ճանաչումը նախեւառաջ քայլ է մարդկության դեմ նոր հանցագործությունների կանխարգելման ուղղությամբ: Հանձնաժողովի նախագահը հույս է հայտնել, որ Ֆինլանդիայի խորհրդարանում եւս կմեկնարկի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթաց: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ ՀՀ արտաքին քաղաքական օրակարգին, մասնավորապես ՀՀ-ԵՄ հարաբերություններին: Այս համատեքստում դեսպանը հայտնել է, որ Ֆինլանդիայում հետեւում եւ տեղեկացված են ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացումներից եւ գործընթացներից: Արմեն Աշոտյանն ընդգծել է մարտի 21-ին Երեւանում Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի նախաստորագրման, ինչպես նաեւ 2017 թվականի նոյեմբերին կայանալիք Արեւելյան գործընկերության գագաթաժողովի շրջանակում համաձայնագրի ստորագրման կարեւորությունը: ՀՀ-ԵՄ հարաբերությունների համատեքստում հանձնաժողովի նախագահը նշել է, որ Եվրամիության հետ նոր շրջանակային համաձայնագրի ստորագրումը կարեւոր է ոչ միայն Հայաստանի, այլեւ ԵՄ համար, ինչը նաեւ արտահայտվում է ԵՄ պաշտոնյաների հետ հանդիպումների համատեքստում: Եվրոպական կառույցների հետ առկա հարաբերությունների մասին խոսելիս կողմերն անդրադարձել են նաեւ ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի փակմանը եւ այս հարցում Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականությանը: «Ադրբեջանի կողմից ԵԱՀԿ շրջանակում վետոյի իրավունքի կիրառումը եւս մեկ անգամ խոսում է Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության մասին»,- նշել է Արմեն Աշոտյանը: Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային քաղաքականության խնդիրներին, քննարկվել է Մերձավոր Արեւելքում առկա ճգնաժամային իրավիճակը: Հանդիպման ավարտին կողմերը հույս են հայտնել, որ հետագայում փոխգործակցությունն առավել կսերտանա:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր