211652_close_icon
views-count2704 դիտում article-date 21:10 17-12-2019

Բրյուսելում կայացած ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպմանը քննարկվել է ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի կատարման ընթացքը

Դեկտեմբերի 16-ին Բրյուսելում կայացավ ԵՄ-ՀՀ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) ներքո ստեղծված ԵՄ-ՀՀ Գործընկերության կոմիտեի 2-րդ հանդիպումը, որի ժամանակ քննարկվեց Համաձայնագրի կատարման ընթացքը: Համաձայնագիրը կարևոր դերակատարում ունի ՀՀ կառավարության հավակնոտ և երկարաժամկետ ռազմավարական տեսլականին համահունչ բարեփոխումների իրականացման և երկրի արդիականացման գործում: Եվրոպական միությունն իր գոհունակությունը հայտնեց մինչ այժմ Հայաստանի կողմից բարեփոխումների օրակարգի իրականացման առաջընթացի կապակցությամբ, մասնավորապես դատական և հակակոռուպցիոն նոր ռազմավարությունների ուղղությամբ: Միևնույն ժամանակ Եվրամիության և Հայաստանի միջև առկա է հաջողված համագործակցություն ԵՄ-ՀՀ արդարադատության երկխոսության շրջանակում: ԵՄ կողմն ընդգծեց Հայաստանի կողմից որդեգրված բարեփոխումների ուղու շարունակումը, այդ թվում՝ մարդու իրավունքների պաշտպանության ապահովման տեսանկյունից։ Բարեփոխումը պետք համապատասխանի իրավունքի գերակայության հիմնական սկզբունքներին և հիմնված լինի բոլոր շահագրգիռ կողմերի, ներառյալ՝ քաղհասարակության հետ ընդգրկուն երկխոսության և գործընկերության վրա: Որպես Հայաստանի բարեփոխումների առանցքային գործընկեր՝ ԵՄ-ն պատրաստ է տրամադրել բարեփոխումների մշակման և իրականացման, ինչպես նաև ԵՄ չափանիշներին մոտարկման ուղղությամբ կառավարության կարողությունների ուժեղացման համար անհրաժեշտ փորձագիտական և ֆինանսական հետագա աջակցություն: Գործընկերության կոմիտեն քննարկեց նաև ՀԸԳՀ-ի իրականացման ընթացքը տրանսպորտի, էներգետիկայի և շրջակա միջավայրի բնագավառներում՝ ուղղորդելով դեպի հետագա առավել մանրամասն քննարկումների կազմակերպմանը փորձագետների մակարդակով ԵՄ-Հայաստան էներգիայի, տրանսպորտի, շրջակա միջավայրի, կլիմայի գործողության և քաղաքացիական պաշտպանության հարցերով ենթակոմիտեի շրջանակում, որը տեղի կունենա 2020 թվականի մարտին Երևանում։ Եվրամիության և Հայաստանի միջև կշարունակվի կրթական բարեփոխումների շուրջ երկխոսությունը: Կողմերը հետամուտ կլինեն համագործակցությանը հետազոտությունների ոլորտում «Հորիզոն 2020» ծրագրի ներքո և խորհրդակցություններ կսկսեն «Հորիզոն Եվրոպա» ծրագրի շուրջ։ Ավելին, ԵՄ-ն և Հայաստանը կդիտարկեն երիտասարդության ռազմավարության և գործողությունների ծրագրի մշակման հնարավորությունները: Քննարկվեցին նաև տնտեսական զարգացման, անվտանգության, Արևելյան գործընկերության և տարածաշրջանային զարգացումներին վերաբերող հարցեր: Հանդիպումը համանախագահում էին Արտաքին գործողության եվրոպական ծառայության Եվրոպայի և Կենտրոնական Ասիայի գծով գլխավոր տնօրենի տեղակալ Լյուկ Դևինը և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը:

Նմանատիպ նյութեր