211652_close_icon
views-count5665 դիտում article-date 21:44 13-06-2017

Կայացել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը. ամրագրվել են հետագա համագործակցության քայլերը

Հունիսի 13-ին Հայաստանում անցկացվեց Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև տնտեսական համագործակցության հարցերով միջկառավարական հանձնաժողովի երրորդ նիստը: Միջկառավարական հանձնաժողովի համանախագահներն էին` հայկական կողմից` ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, տաջիկական կողմից` ՏՀ տնտեսական զարգացման և առևտրի նախարար Նեմատուլո Խիկմատուլլոզոդան: Նիստին համանախագահները հանդես են եկել բացման խոսքով: Օրակարգում ընդգրկված հարցերն էին` Հայաստանի և Տաջիկստանի միջև առկա իրավա-պայմանագրային դաշտի ընդլայնում, տնտեսական համագործակցություն, արդյունաբերության, ձեռնարկատիրության, այդ թվում` փոքր և միջին ձեռնարկատիրության, էներգետիկայի, գյուղատնտեսության, առողջապահության, գիտության և կրթության, մշակույթի և զբոսաշրջության, տրանսպորտի, կապի և հեռահաղորդակցություն: Նշելով, որ օրակարգում ընդգրկված բոլոր բնագավառներում համագործակցության մեծ ներուժ և հնարավորություններ կան` կողմերը տեղեկատվություն են փոխանակել երկու երկրների տնտեսական իրավիճակի, առկա ներդրումային միջավայրի, ներդրումային գրավչությունների և հնարավորությունների վերաբերյալ: Տեղեկատվություն է փոխանակվել նաև երկու երկրներում գործող ԱՏԳ-ների և այդ գոտիներում համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ: Հայկական կողմը ներկայացրել է Հայաստանում բիզնես ծավալելու առավելությունները, պայմանավորված ԵԱՏՄ անդամակցությամբ, ինչպես նաև Հայաստանում գործող արտոնյալ առևտրային ռեժիմների առկայությամբ (GSP, GSP+), որոնց օգտագործումը կարող է լուրջ խթան հանդիսանալ ինչպես հայ-տաջիկական երկկողմ համագործակցության, այնպես էլ առևտրաշրջանառության, ինչպես նաև երկու երկրների միջև արտահանմա և ներմուծման ակտիվացման համար: Այս համատեքստում կարևորվել է նաև հայ-տաջիկական գործարար-համաժողովների անցկացումը: Նիստի մասնակիցները համակարծիք են եղել, որ կա մեծ պոտենցիալ առևտրաշրջանառությունն ընդլայնելու, արտահանման և ներմուծման ակտիվացման համար և քննարկել են անհրաժեշտ քայլերը` երկու երկրների միջև առևտրատնտեսական համագործակցության զարգացման ուղղությամբ: Երկուստեք նշվել է, որ համատեղ գործունեություն ծավալելու լայն հնարավորություններ կան արդյունաբերության բնագավառում` մասնավորապես թեթև արդյունաբերության, ոսկեգործության, գորգագործության և ինովացիաների բնագավառում, ապակե տարաների և շինարարական ապակու արտադրության մեջ: Նիստի ավարտին ստորագրվել է տնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովի 3-րդ նիստի արձանագրությունը, որում ամրագրվել են հետագա համագործակցության ուղղություններն ու քայլերը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր