211652_close_icon
views-count8261 դիտում article-date 22:20 13-06-2017

«Երևանյան ամառ 2017». Մայրաքաղաքում 3-րդ տարին անցկացվել է «Համով-հոտով Երևան» փառատոնը

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում արդեն 3-րդ տարին անընդմեջ անցկացվել է «Համով-հոտով Երևան» տոնածիսական ուտեստների փառատոնը: Այն կազմակերպվել է Երևանի քաղաքապետարանի տուրիզմի բաժնի և «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» հասարակական կազմակերպության համատեղ ջանքերով: Ի թիվս բազմաթիվ հյուրերի՝ միջոցառմանը ներկա են գտնվել նաև Երևանի քաղաքապետի տեղակալ Արամ Սուքիասյանը, քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, ովքեր շրջել են տաղավարներով, զրուցել մասնակից-կազմակերպությունների հետ: Միջոցառմանը ներկա են եղել նաև բազմաթիվ զբոսաշրջիկներ, որոնց համար փառատոնը դարձել է բացահայտումների և հիացմունքի երեկո: Որպես զբոսաշրջության խթանման կարևոր գործիք առանձնացնելով զբոսաշրջային ուղղվածության միջոցառումների կազմակերպումն ու անցկացումը` Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը նշել է. «Կարևորելով միջոցառումային զբոսաշրջության զարգացումը` մենք ունենք մի քանի զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոներ Երևանում, այս փառատոնը «Երևանյան ամառ 2017» ծրագրի առաջին զբոսաշրջային բաղադրիչ պարունակող փառատոներից է: «Համով-հոտով Երևան» փառատոնի կազմակերպումը կարևորում ենք այնքանով, որ դրա հիմքում դրված է շատ կարևոր գաղափար՝ ներկայացնել մեր համաքաղաքացիներին և քաղաքի հյուրերին հայկական խոհանոցի լավագույն ավանդույթները, ներկայացնենք հայ խոհարարական հարուստ ժառանգությունը, տարածենք դրանց կիրառումը մեր առօրյայում և մեր քաղաք այցելող հյուրերին ներկայացնենք ազգային տոներն ու դրանց հետ կապված տոնածիսական ուտեստները»: Շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետարանին փառատոնի կազմակերպման գործում իրենց աջակցելու համար` «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն էլ նշել է. «Արդեն 9-րդ տարին է, որ կազմակերպում ենք այս փառատոնը, սակայն այն շատ ավելի շքեղ և գրավիչ է դարձել վերջին երեք տարիների ընթացքում՝ ընդգրկվելով Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ» ծրագրում «Համով-հոտով Երևան» խորագրի ներքո՝ տուրիզմի բաժնի հետ համագործակցելով: Այժմ ավելի շատ մարդիկ են հետաքրքրվում մեր տոնածիսական ուտեստներով, որոնց բաղադրատոմսերը մեզ են փոխանցվել մեր տատիկներից և մայրիկներից»: Փառատոնի ընթացքում ներկայացվել են տաղավար տոներն իրենց ավանդական ուտեստներով, այդ թվում՝ Նավասարդ, Բուն բարեկենդան, Սուրբ Սարգիս, Համբարձման տոն, Վարդավառ, Խաչվերաց, Սուրբ ծնունդ, Ծաղկազարդ, Տյառնընդառաջ և այլ տոներ, ինչպես նաև հայկական արտադրության գինիներ, տիկնիկներ և կարպետներ: Մայրաքաղաքի բնակիչներն ու հյուրերը հնարավորություն են ունեցել համտեսելու հայկական տոներին պատրաստվող մի շարք ավանդական կերակուրներ, իսկ փառատոնին աջակցող երիտասարդ-կամավորները տարբեր լեզուներով ներկայացրել են տոների և դրանց հետ կապված ուտեստների խորհուրդը: Միջոցառման ողջ ընթացքն ուղեկցվել է հայկական ազգային երգ ու պարով, որին մասնակցում էին ոչ միայն համույթներն ու մենակատարները, այլև բոլոր հյուրերը: Այս տարի փառատոնի շրջանակում առաջին անգամ անցկացվել է խոհարարական մրցույթ, որի շրջանակում տաղավարները ներկայացրել են իրենց պատրաստած աղցանները, և ժյուրիի կողմից ընտրված լավագույնը ստացել է «Երևանյան աղցան» անվանումը: Ժյուրիի կազմում են եղել Երևանի քաղաքապետի օգնական Մարիա Բարաղամյանը, «Հայ խոհարարական ավանդույթների զարգացման և պահպանման» ՀԿ նախագահ Սեդրակ Մամուլյանն ու ռուսաստանաբնակ մեր հայրենակցուհի, խոհարար-հրուշակագործ Վերա Հովհաննիսյանը: Կազմակերպիչները հորդորել են բոլոր ռեստորաններին հաղթող աղցանի բաղադրատոմսը ընդգրկել իրենց ճաշացանկերում: Խոհարարներն էլ իրենց հերթին խոսք են տվել մտածել հետաքրքիր կերակուր՝ Էրեբունի-Երևանի 2800-ամյակին ընդառաջ: Փառատոնի ողջ ընթացքում տուրիզմի բաժնի նախաձեռնությամբ այցելուների շրջանակում անցկացվել են հարցումներ, որոնց արդյունքում որոշվել են նաև «Ամենագեղեցիկ ձևավորված տաղավար» («Հին Արենի» գինու գործարան), «Ամենահյուրընկալ տաղավար» («Մեգերյան կարպետ» ընկերություն) և «Ամենահամեղ տաղավար» («Հին Տուն» ռեստորան) անվանակարգերի հաղթողները: Փառատոնի ավարտին բոլոր մասնակիցներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից հանձնվել են շնորհակալագրեր՝ ակտիվ մասնակցության համար:

Նմանատիպ նյութեր