14272 դիտում
10:54 14-06-2017
«Մի օր շուտ հանձնվեիք». ասում է ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանի մայրը. «Հայկական ժամանակ»
«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «2016 թվականին հուլիսի 30-ին ոստիկանության ՊՊԾ գնդի տարածքում սպանված 30-ամյա ենթասպա Յուրի Տեփանոսյանի հարազատները տեղյակ չեն եղել, որ ՊՊԾ գնդի գրավման գործով դատավարությունն արդեն սկսվել է:
Հունիսի 8-ին կայանալիք նիստի մասին նրանք իմացել են նիստի ավարտից հետո, երբ նիստի վերաբերյալ հրապարակումներ են եղել մամուլում: Մեր զրույցում սպանված ոստիկանի մայրը՝ տիկին Աշխենը, ասաց, որ նշանակվելիք նիստի օրվա մասին դատարանից ծանուցում չեն ստացել: Տեփանոսյանի ընտանիքը նախաքննության ընթացքից էլ որևէ տեղեկություն չի ստացել. «Մեզ մի տարի է, ոչ մի բան էլ չեն ասում»,- ասաց նա:
Մեր հարցին, եթե ծանուցում ստանան, կգնա՞ն դատարան, կմասնակցե՞ն դատավարությանը, Տեփանոսյանի մայրը հուզված պատասխանեց. «Չգիտեմ, հիմա չեմ կարող ասել… էս ցավը մինչև կյանքիս վերջ գնալու է: Մեկ տարի է, մենք անընդհատ ինչ-որ բան սպասում ենք, ախր իմ 30 տարեկան էրեխեն մահացավ, տանից դուրս եկավ ու զոհվեց: Ի՞նչ ձև են նայում սրան, ոնց կարելի է էսքան հանգիստ նայել»: Ճշտող հարցին, թե տեղյա՞կ է ինչ հանգամանքներում է սպանվել Յուրի Տեփանոսյանը, տիկին Աշխենն ասաց. «Իմ տղան չկա, ինչ հանգամանքներում է մահացել, ինչ է եղել, ես էսօր ոչ մի բան չեմ հասկանում: Հարյուր ձևի քննարկումներ են գնում, ի՞նչ իմանամ, որն է ճիշտը»:
Տեփանոսյանի ընտանիքը գործի հանգամանքների մասին համացանցից է տեղեկանում, որդու՝ Յուրիի սպանության մասին էլ են համացանցից տեղեկացել: Մեր հարցին ի պատասխան` նա ասաց, որ «Սասնա ծռեր» խմբի անդամներին մինչև դեպքը չի ճանաչել. «Չեմ էլ իմացել դրանք ովքեր են, հետաքրքիր էլ չի եղել, որ իմանամ, որովհետև հիմա ինչ… ամեն ինչ կեղծիք է: Եթե սուտ չլիներ, իմ երեխու սպանվելուց մի ժամ հետո էս ամեն ինչը կվերջանա՞ր, բա թող շարունակվեր, որ ես էսօր իմանայի, որ հերոսի մայր եմ, ոչ թե մտածեի, որ իմ երեխան եղավ էս ամեն ինչի փակվելու պատճառը…սպանեցին ու վերջ: Ես չեմ ուզում ոչ մի ծնող, ոչ մի մայր էս ցավը զգա, հարցը էն ա, որ իմ էրեխու սպանվելուց հետո ամեն ինչ վերջացավ, ինչի՞ համար, ինչի՞ հանձնվեցիք, մի օր շուտ հանձնվեիք: Երկու զոհն իրենց համար քի՞չ էր, անպայման պետք է երրորդ զոհ ունենայի՞ն, որ մի ժամ հետո հանձնվեին»,- հուզված պատմում էր սպանված ենթասպայի մայրը:
ՊՊԾ գնդի տարածքում սպանված Յուրի Տեփանոսյանը ծառայում էր ոստիկանության զորքերում՝ 1033 զորամասում: Մոր՝ տիկին Աշխենի խոսքով, որդին չի սիրել ոստիկանական համակարգը: «Իր պապիկի երազանքն է եղել, որ ոստիկան դառնա, աշխատելուց հետո քիչ-քիչ սկսեց սիրել համակարգը, երկու տարի անց՝ նվիրվեց աշխատանքին: Ասում էր մամ՝ հեսա լեյտենանտ կստանամ, ամեն ինչ լավ կլինի: Յուրին կյանքով լիքն էր, շատ նպատակներ ուներ…»,- պատմեց տիկին Աշխենը:
Յուրի Տեփանոսյանը 2 դուստր և մեկ որդի ունի: Դուստրերից ավագը՝ Էլենն է միայն դպրոց գնում՝ պարուհի է, փոքր դուստրը մանկապարտեզ է հաճախում: Տեփանոսյանը դուստրերից հետո տղա էր ունեցել. «Երազում էր, թե երբ է տղա ունենալու…»,- ասաց մայրը: Որդին 6 ամսական է եղել, երբ Յուրին մահացել է. «Առաջին բառը պապա է ասել»,- հուզված նշեց տիկին Աշխենը: Նշենք, որ Յուրի Տեփանոսյանին հետմահու շնորհվել է լեյտենանտի կոչում»։
[b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]
Նմանատիպ նյութեր
12432 դիտում
23:44 17-10-2016
Հիշատակի արարողություն` ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծննդյան 30-րդ տարեդարձի առթիվ
16388 դիտում
15:54 20-12-2018
Դա իր երեւակայությունն է, չկա նման բան. Օսիպյանը՝ Յուրի Տեփանոսյանի հոր հայտարարությունների մասին. news.am. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Այս բաժնից
3205 դիտում
20:11 11-12-2024
Ո՞վ է Oragir.News-ի լրագրողի վրա հարձակվողը․ նոր մանրամասներ
2224 դիտում
23:54 10-12-2024
Իջևանի ԲԿ-ում լույս աշխարհ է եկել տարվա ամենախոշոր նորածինը
1096 դիտում
09:00 10-12-2024
Դատական մարմինների ակտերը կադաստրի կոմիտե կներկայացվեն էլեկտրոնային տարբերակով. նախագիծ. «Փաստ»