211652_close_icon
views-count12435 դիտում article-date 23:44 17-10-2016

Հիշատակի արարողություն` ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծննդյան 30-րդ տարեդարձի առթիվ

Հոկտեմբերի 17-ին ՀՀ ոստիկանության զորքերի N զորամասում տեղի ունեցավ հիշատակի արարողություն` նվիրված հուլիսին ոստիկանության ՊՊԾ գնդի վրա զինված հարձակման ժամանակ ծառայողական պարտականությունները կատարելիս դիպուկահարի գնդակից զոհված ոստիկանության լեյտենանտ Յուրի Տեփանոսյանի ծննդյան 30-րդ տարեդարձին: Առավոտյան զորամասի սպայական, ենթասպայական կազմը, պայմանագրային զինծառայողները հրամանատար, գնդապետ Գ. Գրիգորյանի գլխավորությամբ, ինչպես և Յուրիի ընտանիքի անդամները, ընկերներն ու հարազատներն այցելեցին գերեզմանատուն, ծաղիկներ խոնարհեցին շիրիմին և խնկարկություն կատարեցին: Զորամասում ընտանիքի անդամներին և հյուրերին դիմավորեցին զորամասի հրամանատարը և ՈԶ հրամանատարի տեղակալ, գնդապետ Հ. Բաբայանը: Արարողությունը սկսվեց շարահրապարակում՝ մեկ րոպե լռությամբ: Ներկաները ծաղիկներ խոնարհեցին Յուրի Տեփանոսյանի և զորամասի մյուս զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշապատին: Այնուհետև «Սուրբ Մարիամ Աստվածածին» մատուռում մոմավառությամբ հիշատակվեց զոհված զինծառայողի հիշատակը, ինչից հետո ներկաներն այցելեցին ծառայակից ընկերների կողմից պատրաստված՝ Յուրիի հիշատակին նվիրված պատվո անկյուն, որտեղ դրված են նրա բոլոր պարգևները, զինվորական համազգեստը, ինչպես և հուշամատյան: Յուրին զորամասում ծառայության էր անցել 2011 թվականին և զբաղեցնում էր մարտական մեքենայի հրամանատարի պաշտոնը: Նա պատրաստված և կիրթ երիտասարդ էր, ձգտում էր իր անձնական օրինակով առաջնորդել ծառայակից ընկերներին: Քաջ գիտակցելով պետության և օրենքի շահը՝ Յուրին ծառայությունն իրականացրեց մեծ պատասխանատվությամբ՝ բարձր պահելով ոստիկանի անունն ու պատիվը: Բայց ավաղ… պարտականությունները կատարելիս ընկավ դավադիր գնդակից: Ծառայողական պարտականությունները կատարելիս ցուցաբերած անձնական խիզախության և նվիրումի համար Յուրի Տեփանոսյանը ՀՀ նախագահի հրամանագրով հետմահու պարգևատրվել է «Հասարակական կարգի գերազանց պահպանության համար» մեդալով, իսկ ՀՀ ոստիկանության պետի հրամանով նրան հետմահու շնորհվել է լեյտենանտի սպայական կոչում և պարգևատրվել է «Իրավակարգի ամրապնդման համար» մեդալով: Նրա ոսկետառ անունը ևս իր ուրույն տեղը գտավ Ոստիկանության կրթահամալիրի՝ Հայաստանի սահմանների պաշտպանության ժամանակ և ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված ոստիկանների հիշատակը հավերժացնող «Ինձ բացակա չդնեք» հուշակոթողին, 137 զինակիցների կողքին, որոնք կյանքը տվեցին հանուն հայրենիքի և օրենքի:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր