211652_close_icon
views-count3422 դիտում article-date 19:06 14-06-2017

Նախագահի նստավայրում տեղի են ունեցել հայ-տաջիկական բարձր մակարդակի բանակցություններ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Հանրապետության Նախագահի նստավայրում Հայաստանի և Տաջիկստանի նախագահների առանձնազրույցից հետո տեղի է ունեցել ընդլայնված կազմով հանդիպում՝ երկու երկրների պաշտոնական պատվիրակությունների անդամների մասնակցությամբ: Բարձր մակարդակի բանակցությունների արդյունքներով ընդունվել է Տաջիկստանի Հանրապետության նախագահ Էմոմալի Ռահմոնի՝ Հայաստանի Հանրապետություն կատարած պաշտոնական այցի արդյունքների վերաբերյալ համատեղ հայտարարություն, նաև ստորագրվել են Հայաստանի Հանրապետության և Տաջիկստանի Հանրապետության միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության խորացմանն ուղղված փաստաթղթեր: Մասնավորապես, ստորագրվել են՝ «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև քաղաքացիների փոխադարձ այցելությունների մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև օդային հաղորդակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև հեռահաղորդակցության և փոստային կապի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև կրթության որակավորումների, գիտական աստիճանների ու գիտական կոչումների փոխճանաչման և համադրելիության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև երիտասարդության հետ աշխատանքի և սպորտի բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության կառավարության և Տաջիկստանի Հանրապետության կառավարության միջև առողջապահության բնագավառում համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության և Տաջիկստանի Հանրապետության գլխավոր դատախազության միջև համագործակցության մասին», «Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի և Տաջիկստանի Հանրապետության գիտությունների ակադեմիայի միջև գիտական համագործակցության մասին» համաձայնագրերը և «Հայաստանի արտաքին գործերի նախարարության և Տաջիկստանի արտաքին գործերի նախարարության միջև 2018-2019թթ. համար համագործակցության ծրագիրը»: Նախագահներ Սերժ Սարգսյանը և Էմոմալի Ռահմոնը հանդիպման արդյունքներն ամփոփել են զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների առջև հայտարարություններով: *** Նախագահ Սերժ Սարգսյանի հայտարարությունը ԶԼՄ-ների առջև՝ Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի հետ հանդիպումից հետո Հարգելի՛ պարոն նախագահ, Տիկնա՛յք և պարոնա՛յք, Հայտարարության հենց սկզբում ցանկանում եմ նշել, որ բանակցություններն անցել են բարեկամական և բացարձակ կառուցողական մթնոլորտում: Անկեղծորեն ուրախ եմ հյուրընկալել Տաջիկստանի նախագահին Երևանում մեր երկրների միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակի ու Բարեկամության և համագործակցության պայմանագրի ստորագրման 15-ամյակի տարում: Խոսելով այդ հոբելյանական տարեթվերի մասին՝ մենք նաև հիշում ենք, որ հայ-տաջիկական հարաբերություններն ունեն հարյուրամյակների պատմություն, և դրանք միշտ եղել են բաց, վստահելի և լի փոխադարձ հարգանքով: Այսօր հանդիպմանը մենք մանրամասն քննարկեցինք երկկողմ համագործակցության ընթացիկ վիճակը, քննարկեցինք դրա զարգացման հեռանկարները, նախանշեցինք փոխգործակցության տարբեր ոլորտներում համատեղ աշխատանքի ուղղություններն ու կոնկրետ խնդիրները: Բարձր ենք գնահատում վերջին շրջանում արձանագրված հայ-տաջիկական հարաբերությունների դրական և կայուն զարգացման միտումը: Մենք պայմանավորվեցինք հետևողական լինել երկկողմ համագործակցության զարգացման ուղղությամբ և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր՝ այն նոր մակարդակի բարձրացնելու համար: Այս ամենն իր արտացոլումը գտավ ընդունված Համատեղ հայտարարությունում, համագործակցության կարևորագույն ոլորտներում փոխգործակցությունը կանոնակարգող փաստաթղթերի պատկառելի փաթեթում, այն է՝ համաձայնագրեր հաղորդակցության և կապի, օդային հաղորդակցության, առողջապահության, կրթության և այլ ոլորտներում: Մենք դրեցինք հստակ խնդիր՝ պատկերավոր ցույց տալ, թե ինչպիսին պետք է լինի համագործակցությունը մեր երկրների միջև տեսանելի ապագայում: Դրան կնպաստի Երևանի և Դուշանբեի միջև քաղաքական երկխոսությունը, որին մենք մտադիր ենք ինտենսիվ բնույթ հաղորդել: Բնականաբար, բանակցությունների ընթացքում մենք քննարկեցինք տարածաշրջանային և արդի միջազգային հարցերի լայն շրջանակ: Մենք սերտ համագործակցում ենք միջազգային կազմակերպությունների շրջանակում: Այդ համատեքստում ես կառանձնացնեի համագործակցությունը ԱՊՀ շրջանակում և այլ բազմակողմ ձևաչափերով, և իհարկե, ՀԱՊԿ շրջանակում, որում մեր անցյալ տարվա նախագահության հերթափոխը մենք ավելի վաղ ընդունել էինք մեր տաջիկ բարեկամներից: Անցկացվում են խորհրդատվություններ արտաքին գործերի նախարարությունների միջև, սերտ համագործակցության մեջ են գտնվում մեր երկրների ներկայացուցչությունները միջազգային կազմակերպություններում: Ինչպես նախկինում, երկու կողմերն էլ պատրաստ են ամրապնդելու փոխադարձ աջակցությունը միմյանց ազգային շահերին առնչվող առանցքային հարցերում: Բանակցությունների ընթացքում իմ կողմից ևս մեկ անգամ վերահաստատվեց Հայաստանի դիրքորոշումը, այն է՝ ԼՂՀ հակամարտության բացարձակապես խաղաղ կարգավորումը՝ հիմնված միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների, ՄԱԿ-ի կանոնադրության դրույթների վրա, մասնավորապես նրանց, որոնք հավասարապես վերաբերում են ուժի չկիրառմանը կամ ուժի կիրառման սպառնալիքին, պետությունների տարածքային ամբողջականությանը, իրավահավասարությանը և ժողովուրդների ինքնորոշման իրավունքին: Ընդգծվել է պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը՝ ուղղված հակամարտության գոտում իրավիճակի սրացման կանխարգելմանը, իրավիճակի կայունացմանը և խաղաղ գործընթացի առաջմղման համար պայմանների ստեղծմանը: Իմ կողմից ևս մեկ անգամ ընդգծվեց միջազգային հանրության միջնորդական մանդատով օժտված միակ ձևաչափի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ջանքերին լայն աջակցության անհրաժեշտությունը: Իհարկե, մեր ուշադրության կենտրոնում էին նաև առևտրատնտեսական համագործակցության գործնական հարցերը, որը, մեր կարծիքով, պետք է ընդլայնվի համատեղ արտադրության, համագործակցության միջոցով՝ հատուկ ուշադրություն դարձնելով նորարարություններին և բարձր տեխնոլոգիաներին: Մենք պայմանավորվեցինք լրացուցիչ հանձնարարել մեր կառավարություններին օպտիմալացնելու առևտրատնտեսական համագործակցության կառուցվածքը և բարձրացնելու դրա որակը՝ օգտագործելով բոլոր հնարավոր մեխանիզմները: Ուրախալի է, որ երկար դադարից հետո աշխատանքները վերսկսել է առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-տաջիկական միջկառավարական հանձնաժողովը: Ակնկալում ենք, որ հանձնաժողովի համանախագահության անցումը նախարարական մակարդակի՝ կհաստատի նման որոշման անհրաժեշտությունը, իսկ բուն միջկառավարական հանձնաժողովն արդյունավետ կերպով առաջ կմղի տնտեսական կապերի ողջ համալիրը, կնպաստի դրանց հետագա դիվերսիֆիկացիային և փոխշահավետ նոր նախագծերի գործարկմանը: Այդտեղ մենք կարևոր դեր ենք հատկացնում նաև անմիջականորեն մեր երկրների գործարար համայնքներին, որոնց ներկայացուցիչները հանդիպում են այսօր կազմակերպված գործարար համաժողովի շրջանակներում: Տնտեսության, զբոսաշրջության և մեր երկրների քաղաքացիների միջև շփումների ընդլայնման համատեքստում մենք քննարկեցինք մեր երկրների միջև ուղիղ ավիաչվերթի հնարավոր մեկնարկի հարցը: Այդ նախագծի շրջանակներում մենք պատրաստ ենք մեր տաջիկ բարեկամներին տրամադրել Հայաստանի կողմից «բաց երկնքի» քաղաքականության շրջանակներում ձևավորված արտոնությունների փաթեթ: Այսօր երկուստեք վերահաստատվել է նաև կրթության, մշակույթի և գիտության ոլորտներում համագործակցության հետագա ընդլայնման պատրաստակամությունը: Դա նաև համագործակցություն է գիտությունների ակադեմիաների, արևելագիտական դպրոցների, աստղադիտարանների, բուհերի և գիտահետազոտական ինստիտուտների շրջանակներում: Տիկնա՛յք և պարոնա՛յք, Այսօր հայ-տաջիկական հարաբերությունները գտնվում են պատմական նոր փուլում: Տաջիկական կողմի հետ միասին մենք երկարաժամկետ հեռանկարում պատրաստ ենք շարունակելու ջանքեր ներդնել մեր գործընկերության հետևողական, կայուն և փոխշահավետ զարգացման համար: Ամփոփելով՝ ցանկանում եմ մեկ անգամ ևս շնորհակալություն հայտնել Տաջիկստանի նախագահին բովանդակալից և արգասաբեր բանակցությունների համար: Համոզված եմ, պարո՛ն նախագահ, որ Ձեր այցը, կնպաստի մեր ժողովուրդների և երկրների միջև անկեղծ բարեկամական հարաբերությունների հետագա ամրապնդմանը: Շնորհակալություն ուշադրության համար:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 11+
11+

Նմանատիպ նյութեր