211652_close_icon
views-count3595 դիտում article-date 17:06 15-06-2017

Եթե կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաներ ունենք, պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք. վարչապետ

Կառավարությունն այսօրվ որոշում է ընդունել 2006թ. նոյեմբերի 6-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ղազախստանի Հանրապետության կառավարության միջև եկամուտների և գույքի կրկնակի հարկումը բացառելու և հարկումից խուսափելը կանխելու մասին» կոնվենցիայի և դրան կից արձանագրության շրջանակում ՀՀ և ՂՀ պետական մարմինների կողմից տրված՝ ռեզիդենտությունը հաստատող պաշտոնական փաստաթղթերի ճանաչման կարգի վերաբերյալ հայտագրերի փոխանակման ձևով համաձայնագրի կնքման առաջարկությանը համաձայնություն տալու մասին: Համաձայնագրով նախատեսվում է, որ Ղազախստանի Հանրապետության լիազոր մարմնի կողմից տրամադրված և զինանշանի կնիքով հաստատված փաստաթղթերն ընդունվում են Հայաստանի Հանրապետության տարածքում (և հակառակը) առանց որևէ այլ հատուկ հավաստման, այդ թվում նաև՝ առանց ապոստիլով հաստատման կամ հյուպատոսական վավերացման: Վարչապետ Կարեն Կարապետյանը շահագրգիռ գերատեսչությունների ղեկավարներից հետաքրքրվել է՝ արդյոք դիտարկվո՞ւմ է այլ երկրների հետ ևս նման կոնվենցիաներ ստորագրելու անհրաժեշտությունը: Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը զեկուցել է, որ կա ծրագիր, որի շրջանակում Հայաստանը բանակցում է կրկնակի հարկումը բացառող կոնվենցիաների շուրջ: Միևնույն ժամանակ անցած շաբաթ Հայաստանը միացել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (OECD) բազմակողմ ձևաչափով համաձայնագրին, որով ընդհանուր կանոններ են սահմանվում կրկնակի հարկումը բացառող համաձայնագիր արդեն իսկ ունեցող 46 երկրի հետ, ինչը, նախարարի բնորոշմամբ, բավական լավ առաջընթաց է: Շուրջ 30 երկիր ևս, այդ թվում՝ նաև այն երկրները, որոնց հետ Հայաստանն արդեն բանակցություններ է նախաձեռնել, այդ բազմակողմ ձևաչափով համաձայնագրին միանալու հայտ է ներկայացրել: «Պետք է հստակ ծրագիր դնենք՝ ո՞ր երկրների հետ կարող ենք հեշտացնել այս գործընթացը, աշխուժացնել բիզնեսը: Եթե նման կոնվենցիաներ ունենք, արդեն պետք է իմպլեմենտացիա անենք, եթե ոչ՝ նախաձեռնենք», - ասել է վարչապետը՝ հանձնարարելով Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարին մեկ շաբաթվա ընթացքում տեղեկանք ներկայացնել այս ուղղությամբ անելիքների վերաբերյալ:

Նմանատիպ նյութեր