211652_close_icon
views-count5711 դիտում article-date 17:30 15-06-2017

«Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» և «Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» օրենքներում փոփոխություններ կկատարվեն

Կառավարությունն այսօր հավանություն է տվել ««Ռազմական դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքը, 2005թ. ՀՀ սահմանադրության փոփոխություններին համապատասխան, ռազմական դրության հայտարարման, դրա իրավական ռեժիմի ապահովման հետ կապված գործընթացի հիմք էր սահմանում ՀՀ Նախագահի հրամանագիրը և գործընթացի առաջնային ապահովման ուղղությամբ ՀՀ Նախագահի իրավասությունները: 2015 թ. դեկտեմբերի 6-ին ընդունված ՀՀ սահմանադրության փոփոխությունների համաձայն՝ նշված իրավասությունների ողջ շրջանակը վերապահվել է ՀՀ կառավարությանը, որի արդյունքում օրենքում փոփոխություն կատարելու անհրաժեշտություն է առաջացել: Նախագծի համաձայն՝ ռազմական դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը, և ՀՀ սահմանադրության պահանջներին համապատասխան հստակեցվում են ՀՀ կառավարության, Ազգային ժողովի լիազորությունները: Գործադիրը հավանություն է տվել նաև ««Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ ՀՀ կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Գործող օրենքով՝ ՀՀ-ում արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ Նախագահը: Նոր նախագծով սահմանվում է, որ արտակարգ դրություն հայտարարում է ՀՀ կառավարությունը: Օրենսդրական նախաձեռնությունները սահմանված կարգով կներկայացվեն ՀՀ ԱԺ:

Նմանատիպ նյութեր