Հանրապետության 10 համայնքներում այսօր ՏԻՄ ընտրություններ են անցկացվում. ԿԸՀ
Այսօր՝ հունիսի 18-ին տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ են նշանակված Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Գեղարքունիքի, Կոտայքի և Շիրակի մարզերի թվով 10 համայնքներում: Ըստ ԿԸՀ-ի՝ նշված համայնքներից 9-ում տեղի են ունենալու համայնքի ղեկավարի ընտրություններ և մեկ համայնքում` ավագանու անդամի ընտրություններ:
Հունիսի 8-ին` ժամը 18.00-ին, լրացել է տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների համայնքի ղեկավարի և ավագանու անդամի գրանցված թեկնածուների կողմից ինքնաբացարկի դիմումներ ներկայացնելու ժամկետը:
Սահմանված ժամկետում ընտրություններին որպես համայնքի ղեկավարի թեկնածու գրանցված 21 քաղաքացիներից 4-ը ներկայացրել է ինքնաբացարկի դիմում:
Ավագանու անդամի գրանցված 6 թեկնածուներից ինքնաբացարկի դիմում է ներկայացրել 1 թեկնածու:
Տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններին մասնակցող համայնքի ղեկավարի 17 թեկնածուներից 2-ը և ավագանու անդամի 5 թեկնածուներից 1-ն իգական սեռի ներկայացուցիչներ են: ՏԻՄ ընտրություններին համայնքի ղեկավար ընտրող 9 համայնքներից 3-ում քվեարկվելու է 1 թեկնածու, 4-ում` 2 թեկնածու և 2 համայնքում` 3 թեկնածու:
Հունիսի 8-ին լրացել է նաև դիտորդների հավատարմագրման ժամկետը:
Հունիսի 18-ի տեղական ինքնակառավարման մարմինների ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն իրականացնելու նպատակով սահմանված ժամկետում ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում որևէ հասարակական կազմակերպություն չի հավատարմագրվել: