«Երևանյան ամառ 2017». ավան վարչական շրջանում տեղի ունեցավ մանկական զվարճալի համերգային ծրագիր. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
Մայրաքաղաքի վարչական շրջաններում շարունակվում են Երևանի քաղաքապետարանի «Երևանյան ամառ 2017» ծրագրով նախատեսված միջոցառումները: Այս անգամ Ավան վարչական շրջանի «Թումանյան» այգում ավանցիներն ականատեսն ու մասնակիցն են եղել «Մեր ուրախ Ավան» մանկական զվարճալի համերգային ծրագրին:
Համերգին մասնակցել և իրենց ելույթներով բնակիչներին հաճելի պահեր են պարգևել վարչական շրջանի արվեստի, երաժշտական և մարզական դպրոցների, ստուդիաների սաները, պարային համույթներն ու անհատ կատարողները: Ծրագրում ընդգրկված էր նաև Գ. Բուդաղյանի անվան արվեստի դպրոցի և Ավանի մշակույթի տան երեխաների ձեռագործ ու նկարչական աշխատանքների ցուցահանդեսը, որն առանձնահատուկ հետաքրքրություն էր առաջացրել ներկաների մոտ:
Տոնական միջոցառմանը ներկա են գտնվել նաև Ավան վարչական շրջանի ղեկավար Մանվել Ջավադյանը և Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցության անդամ Արմեն Երեմյանը: