211652_close_icon
views-count5130 դիտում article-date 13:04 10-07-2017

Տվյալներ էին ձեռք բերվել Արթուր Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության մասին. դատախազ

Կոռեկտ չեմ համարում Արթուր Սարգսյանի մահվան շահարկումը: Այսօր՝ հուլիսի 10-ին, խորհրդարանում հայտարարեց ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը՝ անդրադառնալով «Հաց բերողի» մահվան հանգամանքները: Արթուր Դավթյանը հիշեցրեց, որ գլխավոր դատախազությունն արդեն իսկ մանրամասն պարզաբանումներ տվել է Արթուր Սարգսյանի երկրորդ անգամ կալանավորվելու վերաբերյալ: Այնուամենայնիվ, գլխավոր դատախազը կրկին նշեց, թե ինչու առաջին անգամ կալանքից ազատվեց Արթուր Սարգսյանն ու ավելի ուշ կալանավորվեց: «Առաջին անգամ կալանքը փոխվել է կոնսիլիումի մասնագիտական եզրակացության հիման վրա, մասնագիտական կարծիքը հնարավորություն էր տվել փոխելու խափանման միջոցը; Դրանից հետո նշանակվել է միջգերատեսչական հանձնաժողովի փորձաքննություն, որի եզրակացությունը հակասում էր կոնսիլիումի եզրակացությանը, որոշվեց նշանակել կրկնակի փորձաքննություն: Հստակեցվեց նախորդ փորձաքննության բացերը եւ տրվեց վերջնական եզրակացություն, որ Արթուր Սարգսյանը տառապում էր համաատասխան հիվանդություններով, որոնք չեն համընկնում Կառավարության որոշմամբ կալանքի հետ անթույլատրելի հիվանդությունների հետ: Ուզում եմ ասել, որ երկրորդ կալանավորման համար սա չէր հիմք հանդիսացել, այլ դատավարական օրենքի պահանջը: Արթուր Սարգսյանը խախտում էր թույլ տվել: Նա պատշաճ ծանուցվել էր, բայց չէր ներկայացել վարույթն իրականացնող մարմնին, բացի դրանից գործով տվյալներ էին ձեռք բերվել Սարգսյանի կողմից նոր հանցագործություն կատարելու բարձր հավանականության վերաբերյալ»,- ասաց Արթուր Դավթյանը: Նշենք, որ «Հաց բերողի» մահվան հանգամանքները պարզելու համար հարուցվել է քրեական գործ:

Նմանատիպ նյութեր