211652_close_icon
views-count8537 դիտում article-date 18:31 15-07-2017

«Երևանյան ամառ 2017». Մալաթիա-Սեբաստիայի ֆուտբոլի թիմը՝ Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի հաղթող

«Երևանյան ամառ 2017» եռամսյա միջոցառումների ծրագրի շրջանակում շարունակվում է «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթի 2017թ. համաքաղաքային բակային ավանդական մրցաշարը: «Երևանի կաշվե գնդակ» անունը կրող ֆուտբոլի մրցաշարում հաղթողի կոչման համար պայքարում էին մայրաքաղաքի 12 վարչական շրջանների պատանի ֆուտբոլիստները: Եզրափակչում հանդիպել են Մալաթիա-Սեբաստիա և Դավթաշեն վարչական շրջանների թիմերը: Համառ և անզիջում պայքարում, 3:2 հաշվով հաղթել և մրցաշարի հաղթող են ճանաչվել Մալաթիա-Սեբաստիան ներկայացնող պատանի ֆուտբոլիստները: 3-րդ տեղի համար պայքարում ուժերն են չափել Նոր Նորք և Արաբկիր վարչական շրջանների թիմերը, որտեղ ավելի ուժեղ են գտնվել նորնորքեցիները: Մրցաշարի մասնակիցներին ողջունել և առաջին երեք տեղերը գրաված թիմերին շնորհավորել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը՝ նշելով, որ հենց նման ստուգատեսների ժամանակ են բացահայտվում հայկական ֆուտբոլի մեր վաղվա հույսերը: Մրցաշարի հաղթող Մալաթիա-Սեբաստիա թիմին գավաթ է հանձնել «Հայկական ֆուտբոլի վետերանների և պատանիների համերաշխություն» ՀԿ նախագահ, «Արարատ» լեգենդար թիմի ֆուտբոլիստ Սամվել Ղասաբօղլյանը, իսկ մեդալները հաղթողներին է հանձնել Երևանի քաղաքապետի խորհրդական Գոռ Վարդանյանը: Մեդալներ և պատվոգրեր են ստացել նաև մրցանակային եռյակում տեղ զբաղեցրած Դավթաշենի և Նոր Նորքի ֆուտբոլիստները: Տարբեր դիրքերում լավագույնը ճանաչված ֆուտբոլիստների համար ևս սահմանվել էին հատուկ մրցանակներ: Հիշեցնենք, որ Երևանի քաղաքապետարանի «Առողջ սերունդ` պաշտպանված հայրենիք» խորագրով համաքաղաքային բակային մրցաշարի 8 մարզաձևերում թիմային ընդհանուր հաշվարկով հաղթած վարչական շրջանը կպարգևատրվի Երևանի քաղաքապետի փոխանցիկ գավաթով:

Նմանատիպ նյութեր