211652_close_icon
views-count5543 դիտում article-date 12:23 25-07-2017

Ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խումբը հստակեցրել է աշխատանքների ձևաչափը

Տեղի է ունեցել ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբի հերթական հանդիպումը: Հանդիպումն անցկացրել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը: Հանդիպման օրակարգում են եղել օպերատիվ խմբի աշխատակարգի, առաջիկայում կատարվելիք աշխատանքների, ինչպես նաև խմբի գործունեության լուսաբանման և հանրային իրազեկման կազմակերպման հետ կապված հարցերը: Հովհաննես Ազիզյանը նշել է, որ օպերատիվ խմբի խնդիրներից մեկը պետք է լինի իրանական կողմի գործարարների ներգրավումը Հայաստան և տեղեկացրել է, որ արդեն իսկ պատրաստվում են տեղեկատվական ամփոփ փաթեթներ` Հայաստանում ներդրումային հնարավորությունների, առկա արտոնությունների, ինչպես նաև իրականացվող պետական ծրագրերի մասին` իրանական կողմին փոխանցելու համար: Շատ կարևոր է, որ այս օպերատիվ խմբի գոյության մասին տեղեկատվությունը լայնորեն տարածվի, որպեսզի և Հայաստանի և Իրանի գործարարները հստակ իմանան, որ գոյություն ունի այսպիսի խումբ, որը պետք է աշխատանքներ իրականացնի, իրանական կողմի գործարարներին և նաև ներդրողներին տեղեկատվություն փոխանցի Հայաստանի գործարար միջավայրի և հայկական կողմից իրականացվող ծրագրերի մասին։ Խումբը նաև պետք է բացահայտի խնդիրները, որոնց հանդիպում են իրանցի գործարարները Հայաստանում, օպերատիվ կերպով արձագանքի ցանկացած հարցի և գտնի դրանց լուծման ուղիները,-ավելացրել է նա: Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև սեպտեմբերի 15-ին Հայաստան Իրան-ԵՄ ներդրումային համաժողովի, ինչպես նաև սեպտեմբերի 22-25-ին Հայաստանում իրանական ապրանքների ցուցահանդեսի կազմակերպչական հարցերը: Հանդիպման ընթացքում հաստատվել է հետագա համագործակցության աշխատակարգը, պայմանավորվածություն է ձեռք բերվել օպերատիվ խմբի գործունեության մասին հայտարարություն պատրաստել և տարածել այն թե Հայաստանում և թե Իրանում: Հայ և իրանցի գործարարների գործունեության ընթացքում փոխադարձ առևտրում և ներդրումային գործընթացներում երկուստեք ծագող խնդիրների վերացման նպատակով ստեղծվել են ներդրումների և առևտրի հարցերով հայ-իրանական օպերատիվ խմբեր Հայաստանում և Իրանում: Հայ-իրանական օպերատիվ խմբի հայկական կողմի ղեկավարն է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Հովհաննես Ազիզյանը, իսկ իրանական կողմի ղեկավարը` ԻԻՀ հանքերի, արդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ և Իրանի առևտրի զարգացման կազմակերպության տնօրեն Մոջթաբա Խոսրով Թաջը: Օպերատիվ խմբերի առաջին նիստերը տեղի են ունեցել հուլիսի 2-ին` Իրանում և հուլիսի 5-ին` Հայաստանում:

Նմանատիպ նյութեր