140889 դիտում
12:23 31-08-2017
Արտակարգ դեպք «Շենգավիթ» ծննդատանը հարակից նորակառույցում. փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, 2 ժամում փրկեցին 4 քաղաքացու. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
Արդեն 2 ժամ է, Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության հրշեջ-փրկարարները, վտանգելով իրենց կյանքը, Շենգավիթ վարչական շրջանում՝ Մանանդյան փողոցի թիվ 9 հասցեում, «Շենգավիթ» ծննդատանը հարակից նորակառույցում, շինարարական աշխատանքների ժամանակ շինարարական սանդուղքի 6-րդ հարկի մակարդակից պոկվելու և կախվելու հետևանքով շինարարները կախվել և մնացել են ալյումինե կառուցատարրերից։
Փրկարարներն ու ծննդատան աշխատակիցներն իսկական հրաշք գործեցին։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ԱԻՆ ՓԾ օպերատիվ կառավարման կենտրոն ժամը 10։00-ի սահմաններում ահազանգ էր ստացվել, որ «Շենգավիթ» ծննդատան հարևանությամբ նշված ծննդատան համար կառուցվող նոր շենքում ալյումինե շինսանդուղքը (խառաչո) պոկվել է, և 4 բանվոր մնացել են ամենավերևի հարկում՝ օդից կախված, իրենից վտանգ ներկայացնող երկաթների վրա և ամեն անզգույշ շարժ՝ բանվորները կընկնեն ցած։
Ֆոտոլրագրողը հայտնում է, որ դեպքի վայր են ժամանել թիվ 8 հրշջ-փրկարարական ջոկատի ավտոսանդուղքը, ԱԻՆ ՓԾ ճգնաժամայաին կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը՝ ՓԾ փոխգնդապետ Գարիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Այնուհետև լրացուցիչ ժամանել են թիվ 3 հրշեջ-փրկարարական ջոկատը։ Իսկ հետո իրենց գործընկեր փրկարարներին օգնության են հասել թիվ 2 հրշեջ-փրկարարական ջոկատի 2-րդ մարտական հաշվարկը։
Փրկարարները մի քանի խմբերով հատուկ ճոպաններով կարողացան նշված կենտրոնի աշխատակիցների և բանվորների հետ փրկել բոլորի կյանքը։ Փրկարարները գործեցին պրոֆեսիոնալ ձևով, ինչն էլ հաջողություն ունեցավ։
Օպերատիվորեն առաջին իսկ պահից ժամանել էին նաև Երևանի 1-03 շտապօգնության թիվ 64 հերթապահ խումբը։ Տեղում էին նաև ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը՝ Փրկարար ծառայության կապիտան Արթուր Ճաղարյանի գլխավորությամբ։
Հրաշքով փրկվեցին շինարարական աշխատանքներ կատարողներ՝ 26-ամյա Դավիթ Իսկանդարյանը, 34-ամյա Գեղամ Գրիգորյանը, 35-ամյա Բագրատ Ղազարյանը և 47-ամյա Արտաշ Վախոյանը։ Վերջիններիս տեղում հոգեբանական օգնություն ցուցաբերեց ԱԻՆ ՓԾ հոգեբան Արթուր Մանուկյանը։
Իսկ մինչ փրկարարների ժամանումը, ինքնուրույն շինարարական սանդուղքից իջել է 33-ամյա Լևոն Պետրոսյանը։
Փրկարարները բոլորին իջեցրել են պարանային աշխատանքի միջոցով՝ ամրակապելով նրանց։
Դեպքի վայրում հավաքված քաղաքացիներն իրենց գոհունակությունն էին հայտնում փրկարարներին, Շենգավիթ ծննդատան աշխատակիցներին, նաև արտակարգ իրավիճակում հայտնված բանվորների ընկերներին, ովքեր գործեցին ճիշտ, ինչի շնորհիվ հնարավոր եղավ կանխել վատթարագույնը։
Թե ինչն է եղել «խառաչոյիի» փլվելու պատճառը, դա պարզ կլինի մի շարք փորձաքննություններ անցկացնելուց հետո։
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 357+
357+