211652_close_icon
views-count51604 դիտում article-date 20:21 06-10-2023

Հայ զինվորից հետո իսկական հերոսները հրշեջ-փրկարարներն են. ապացույցը Վայքի, Եղեգնաձորի ու Ջերմուկի հրշեջ-փրկարարներն են, ովքեր 30 ժամ վտանգելով իրենց կյանքը, Վայք քաղաքը փրկեցին աղետից. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այն, որ Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայությունը, հետո արդեն ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայություն դարձած կառույցը հրշեջ-փրկարարներով հսկայածավալ աշխատանքներ են կատարում հանրապետությունում, դա գաղտնիք չէ։

Ապացույցը հոկտեմբերի 4-ին Վայոց ձորի մարզում տեղի ունեցած արտակարգ դեպքն էր, երբ հրդեհ էր բռնկվել Վայք քաղաքի սկզբնամասում գործող բենզալցակայանի տարածքում եղած հեղուկ գազի հսկայական ցիստեռնում։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ՀՀ ՆԳՆ ՓԾ 911 ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի աշխատակիցների օպերատիպության և ՀՀ ՆԳՆ ՓԾ Վայոց ձորի մարզային փրկարարական վարչության Վայքի, Եղեգնաձորի ու Ջերմուկի հրշեջ-փրկարարներին հաջողվեց իրենց կյանքը վտանգելով ամբողջությամբ մարել խոշոր հրդեհը։

30 ժամ առանց հանգստի հրշեջ-փրկարարները պայքարել են կրակի դեմ, որից 14 ժամ աշխատանքերը տեղում ղեկավարել է ՀՀ Ներքին գործերի նախարարության Փրկարար ծառայության տնօրեն - Ներքին գործերի նախարարի տեղակալ, գնդապետ  Կամո Ցուցուլյանն ու ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրենի տեղակալ գնդապետ Տիգրան Պետրոսյանը։

Հրշեջ-փրկարարների աշխատանքի շնորհիվ է, որ նախ կանխվեց կրակի տարածումը դեպի հրդեհի հարևանությամբ տեղադրված մի քանի տոննա բենզինով ու դիզվառելիքով «սալյարկա» բակեր, հակառակ դեպքում տեղի կունենար հրդեհի բռնկում ու պայթյուն, ինչը կառաջացներ ծանր հետևանքներ թե՛ քաղաքացիների,՛ թե տարածքի համար։

Այդ օրն իրենց օպերտիվությամբ փայլեցին նաև ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և ոստիկանության Վայքի ու Եղեգնաձորի բաժինների ծառայողները, ովքեր մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ հրդեհի վայրից մոտ 3 կմ շառավղով ուժեղացված ծառայություն էին կատարում և փրկարարների հետ տարհանում էին բնակիչներին։

30 ժամ պայքարելուց հետո հրշեջներին հաջողվել է ամբողջությամբ մարել կրակը ու հիմա պատկան մարմինները պետք է հետևություններ անեն, քանի որ կան տեղեկություններ, որ բենզալցակայանի տարածքում հեղուկ գազի սպասարկումը անօրինական է եղել։ Իսկ ՀՀ կառավարությունը պետք է խրախուսանքի արժանացնի Եղեգնաձորի, Վայքի ու Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատների հրշեջ-փրկարարներին, որոնց օպերատիվ և ճիշտ աշխատանքի շնորհիվ Վայքը փրկվեց աղետից։

Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հոկտեմբերի 4-ին արտակարգ դեպք էր տեղի ունեցել Վայոց ձորի մարզում։ Դեռևս անհայտ հանգամանքներում Վայք քաղաքի սկզբնամասում, Ջերմուկի խճուղի 22/Ա հասցեում գտնվող հեղուկ գազի լիցքավորման կետում, մոտ 15 տ տարողությամբ հեղուկ գազի ցիստեռնում հրդեհ էր բռնկվել։ Կրակը տեսանելի էր մի քանի հարյուր մետրից։ Դեպքի վայր էին ժամանել ՀՀ Ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության տնօրեն-ներքին գործերի նախարարի տեղակալ Կամո Ցուցուլյանն ու փրկարար ծառայության տնօրենի տեղակալ Տիգրան Պետրոսյանը։Դեպքի վայր էր ժամանել ԱԱԾ Վայոց ձորի մարզային վարչության պետը։Տեղում ՀՀ Ներքին գործերի նախարարության Ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության պետ Տիգրան Կարապետյանի հանձնարարականով ժամանել էին ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության, ոստիկանության Եղեգնաձորի բաժնի և ոստիկանության Վայքի բաժնի ծառայողները, ովքեր ուժեղացած հերթապահություն էին իրականացնում։ Հրշեջները մեծ դժվարությամբ, իրենց կյանքը վտանգելով պայքարել են կրակի տարածման դեմ։ Հրշեջ-փրկարարները մոտակա բնակելի տների բնակիչներին հորդորել էին լքել բնակարանները, իսկ Ջերմուկի խճուղի թիվ 61 բազմաբնակարան շենքից 12 բնակչի փրկարար ծառայողները տարահանել  և ուղեկցել էին անվտանգ տարածք։ Տեղում տեղեկացվել էր Վայքի համայնքապետարանի աշխատակից Գարիկ Սարգսյանին այն մասին, որ անհրաժեշտ է ապահովել հրդեհին մոտ գտնվող բնակելի տների բնակչների տարահանումը անվտանգ գոտի, ինչը ոստիկանները կատարել էին։

Ֆոտոլրագրողը հայտնել էր, որ մինչ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը 50-ամյա Տիգրան Բաբայանը, 32-ամյա Ժորիկ Բաբայանը և 41-ամյա Միսակ Մարգարյանը տարբեր աստիճանի այրվածքներով հոսպիտալացվել էին Վայքի ԲՄ, այնուհետև տեղափոխվել Երևան քաղաքի «Այրվածքաբանության ազգային կենտրոն» ՓԲԸ։  ԲԺիշկները  Տ. Բաբայանի և Ժ. Բաբայանի առողջական վիճակը գնահատել էին ծանր, իսկ Մ. Մարգարյանինը՝ միջին ծանրության:

Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 590+
590+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր