211652_close_icon
views-count3660 դիտում article-date 22:50 07-09-2017

Հայ-ճապոնական համագործակցությունը շարունակական արդյունք է ապահովում. ստորագրվել է 14 մլն ԱՄՆ դոլարի դրամաշնորհի համաձայնագիր

Այսօր՝ եպտեմբերի 7-ին, ՀՀ ԱԻ նախարար Դ.Տոնոյանն ընդունել է Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) Ուզբեկստանի գրասենյակի գլխավոր ներկայացուցիչ Էյջի Ասամիին: Ճապոնիայի կառավարության զարգացմանն ուղղված պաշտոնական օգնության ծրագրերի շրջանակներում 2015-2016թթ. տեխնիկական համագործակցության և դրամաշնորհային ծրագրերում ընդգրկելու նպատակով ՀՀ ԱԻՆ կողմից դրամաշնորհային հայտ է ներկայացվել Ճապոնիայի կառավարությանը` հանրապետության երեք մարզերում Սյունիք, Լոռի և Շիրակ տեխնիկական վերազինում իրականացնելու նպատակով։ Ըստ այդմ՝ Հայաստանին տրամադրվելու է 36 հրշեջ մեքենա և 3 շարժասանդուղք: Անգնահատելի աջակցության համար շնորհակալություն հայտնելով Ճապոնիայի կառավարությանը և ժողովրդին՝ նախարար Տոնոյանն ընդգծեց, որ վերջին շրջանում հանրապետությունում գրանցված բուսածածկ տարածքների հրդեհների դեպքում կրակի դեմ պայքարի լավագույն միջոց են հանդիսացել հենց ճապոնական կառավարության տրամադրած մեքենաները՝ նշելով, որ դրանց օգնությամբ Հայաստանն օգնություն է ցուցաբերել նաև Վրաստանին և Ռուսաստանին: Էյջի Ասամին իր հերթին շեշտեց, որ մեր երկրները շատ ընդհանրություններ ունեն, մասնավորապես՝ համանման աղետների սպառնալիքների տեսքով, և իրենց համար ամենաբարձր գնահատականն այն է, որ դեռևս 2010 թ. տրամադրված մեքենաները խնամքով պահպանվում են և օգտակար ծառայություն մատուցում մարդկանց: - Մեր աջակցությունը միայն ծրագրի շրջանակով չի սահմանափակվում, այն զարգանում է և ապահովում շարունակական արդյունք, որը շատ բարձր է գնահատվում մեր ժողովրդի կողմից,- ասաց ճապոնական գործակալության ներկայացուցիչը: Հանդիպման ավարտին ստորագրվեց ՀՀ կառավարության և Ճապոնիայի միջազգային համագործակցության գործակալության (JICA) միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» դրամաշնորհի համաձայնագիր (14 մլն ԱՄՆ դոլար արժեքով): Հավելենք, որ սեպտեմբերի 6-ին ՀՀ ԱԻ նախարար Դ. Տոնոյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ՀՀ արտգործնախարարություն ում կայացած ընդունելության ժամանակ ստորագրել են ՀՀ և Ճապոնիայի կառավարությունների միջև նույն ծրագրի հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագիր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 5+
5+

Նմանատիպ նյութեր