211652_close_icon
views-count5731 դիտում article-date 21:46 11-09-2017

Մեկնարկել է սպանդանոցային կարողությունների զարգացման ծրագիրը

Հայաստանի փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացման ազգային կենտրոնը (Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ), ՀՀ ԳՆ սննդամթերքի անվտանգության պետական ծառայությունը (ՀՀ ԳՆ ՍԱՊԾ) և «Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոն» հասարակական կազմակերպությունը (ՏՀԶԱԿ) սեպտեմբերի 11-ին ազդարարեցին Հայաստանում փոքր սպանդանոցների ստեղծման ծրագրի մեկնարկը: Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը և ՏՀԶԱԿ ներկայացուցիչ Մերի Գրիգորյանը ստորագրեցին այս մասին համագործակցության հուշագիր ՝ ամրագրելով Հայաստանում օրենսդրությամբ սահմանված պահանջներին համապատասխանող սպանդանոցներ ստեղծելու նոր հնարավորություն: Կառավարության ծրագրով 2017 թվականի մայիսի մեկից սկսած, փուլային տարբերակով անցում է կատարվում սպանդանոցային պարտադիր մորթի` զուգահեռաբար ձեռնարկելով սպանդանոցների հզորություններն աստիճանաբար ավելացնելու քայլեր: Հանրապետության վարչապետը, անդրադառնալով պարտադիր սպանդանոցային մորթի անցնելու գործընթացին, անհրաժեշտ էր համարել ստեղծել նոր սպանդանոցներ՝ ապահովելու համար կառավարության ծրագրով սահմանված՝ սպանդանոցային մորթը պարտադիր դարձնելու առաջնահերթությունը: Հանձնարարական էր տրվել ներկայացնել առաջարկություն հանրապետության տարածքում նոր սպանդանոցային կարողությունների ձևավորման հնարավորությունների վերաբերյալ՝ ներառելով դրանց ֆինանսավորման հնարավոր աղբյուրները: ՍԱՊԾ պետ Իշխան Կարապետյանի խոսքով՝ ծրագիրը նոր հնարավորություն ու խթան կհանդիսանա այն տնտեսվարողների համար, ովքեր հետաքրքրված են այս ոլորտում գործարարությամբ զբաղվելու հարցում, միաժամանակ կապահովի ողջ հանրապետությունը սպանդանոցային ցանցով՝ բարելավելով սննդամթերքի անվտանգության պայմանները: «Ծրագրին մասնակցության հայտերի քանակն ու աշխուժությունը ոգևորիչ է: Արդյունքում, հուսով եմ, որոշ ժամանակ հետո կարձանագրենք սպանդանոցների աճ ողջ հանրապետությունում՝ սահմանված ժամանակացույցին համընթաց»,-ասել է ՍԱՊԾ ղեկավարը: Ծրագրին մասնակցելու համար Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ը, համագործակցելով ՍԱՊԾ-ի հետ, հավաքագրել է սկսնակ գործարարների, ովքեր ցանկանում են օգտվել այս մատչելի պայմաններից և հիմնել իրենց սեփական բիզնեսը սպանդանոցային մորթի կազմակերպման բնագավառում. արդեն ստացվել են 50-ից ավելի հայտեր: Հայտատուները մասնակցելու են «Սկսնակ գործարարների ձեռներեցությանն աջակցության» հատուկ ծրագրին, որի շրջանակներում նախատեսված բիզնես դասընթացներն անց է կացնելու Տնտեսական հետազոտությունների և զարգացման աջակցության կենտրոնը: Դասընթացի ընթացքում առաջատար մասնագետները սկսնակներին կներկայացնեն սպանդանոցային մորթի կազմակերպման բոլոր պարտադիր պահանջները, անասնաբուժասանիտարական փորձաքննության ու եզրակացության կարգը, ուղեկցող անհրաժեշտ փաստաթղթերի ձևերը, ինչպես նաև գործունեության այս տեսակի տեխնոլոգիական առանձնահատկությունները: Արդեն մշակվել է սպանդանոցների ստեղծման համար տիպային բիզնես պլան՝ այն տնտեսվարողներին տրամադրելու նպատակով: Ծրագիրը ներառում է ուսուցողական, տեղեկատվական, մասնագիտական խորհրդատվության և ֆինանսական աջակցության տրամադրման բաղադրիչներ: Մասնակցելով ծրագրին՝ սկսնակ և գործող ՓՄՁ-ները կբարելավեն իրենց ձեռնարկատիրական հմտությունները և կստանան շուկայավարման, կառավարման, արտադրության և ֆինանսների պլանավորման գիտելիքներ, կվերազինվեն նեղ մասնագիտական՝ սպանդանոցների ստեղծման ու գործարկման համար անհրաժեշտ գիտելիքներով և անասնաբուժասանիտարական պահանջների մասին տեղեկատվությամբ: Փորձառու մասնագետների ուղղորդմամբ՝ սկսնակ գործարարները նախ պետք է մշակեն իրենց անհատական գործարար ծրագիրը, ապա՝ անցնեն դրա իրականացմանը: Ծրագրի մասնակիցները նաև հնարավորություն կունենան Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի կողմից ստանալ ֆինանսական աջակցություն՝ սպանդանոցային մորթի կազմակերպման ձեռնարկություն ստեղծելու համար: «Փոքր սպանդանոցների հիմնումը ևս մեկ քայլ կլինի դեպի ավելի քաղաքակիրթ և ժամանակակից ծառայությունների մատուցումը: Դրանից բացի, կստեղծվեն նոր ձեռնարկություններ և նոր աշխատատեղեր»,- ասաց Հայաստանի ՓՄՁ ԶԱԿ-ի գործադիր տնօրեն Լևոն Մնացականյանը:

Նմանատիպ նյութեր