211652_close_icon
views-count1481 դիտում article-date 10:54 13-09-2017

Ֆլորիդայի հայ համայնքն անվնաս է. «Ամերիկայի ձայն»

«Եկեղեցին, փառք Աստծո, կանգուն է իր խաչով», - հայր Վարդան Ջուլֆայանը Ֆլորիդայի Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվն է: Անցած Իրմա ծովամրրիկին հայր Վարդանը շատերի նման պատսպարվել էր տանը, ընտանիքի՝ կնոջ և երեխայի հետ միասին: Նախնական տվյալներով ծովամրրիկը լուրջ վնասներ է պատճառել, խլելով 12 մարդու կյանք: Ֆլորիդայի հարավ-արևելյան ափում, որտեղ գտնվում է եկեղեցին, ավերածությունները լուրջ չեն՝ ընկած ծառեր, վնասված ավտոմեքենաներ և ապակիներ: Հայր Վարդանն արդեն խոսել է տեղի հայ համայնքի բազմաթիվ ներկայացուցիչների հետ. «Ամեն մարդ, փառք Աստծո, ապահով է, այնպես որ իրապես մեր աղոթքը շարունակում ենք առ Աստված, որ մարդիկ վնասներ կրած չլինեն, ամեն մարդ ապահով լինի»: Վարդան Ջուլֆայանի խոսքով, փոթորիկը շարունակվեց շաբաթ երեկոյից մինչև կիրակի գիշեր: Չնայած կանխատեսումների, Իրմա ծովամրրիկի պատճառած վնասները շատ ավելի քիչ էին՝ ու թեև գրանցված են մարդկային զոհեր, լայնածավալ աղետից հնարավոր եղավ խուսափել: Թեթև վնասներ կան նաև Սբ Մարիամ Աստվածածին եկեղեցու շրջանում, չնայած ինքը եկեղեցին կարծես թե չի տուժել, պատմում է հայր Վարդանը՝ ցույց տալով եկեղեցին. «Սա մեր եկեղեցին է, գմբեթը, խաչը կանգուն են, եկեղեցին կանգուն է»: «Շատ ծառեր շրջվել են: Այդ ուղղությամբ որոշ աշխատանքներ պետք է կատարենք: Ինչպես Միքայելս էր ասում՝ պապա՛, նոր ծառե՞ր պիտի տնկենք սրանց փոխարեն, ասացի, անշուշտ, կտնկենք, կհավաքենք և մեր եկեղեցու շուրջը դարձյալ կփորձենք գեղեցկացնել»: Այս կիրակի տեղի հայ համայնքը հավաքվելու է Սբ. Մարիամ Աստվածածին եկեղեցում նշելու Խաչի տոնը՝ Խաչվերացը, ինչպես նաև միասնական ուժերով բարեկարգելու եկեղեցու տարածքը: [url=https://www.amerikayidzayn.com/a/4025972.html]Աղբյուրը՝ «Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր