211652_close_icon
views-count12066 դիտում article-date 15:07 14-09-2017

Կառավարությունը մերժեց բոլոր զինծառայողներին գույքահարկից ազատելու մասին նախագիծը

Կառավարությունը մերժեց «Ելք» խմբակցության պատգամավորներ Նիկոլ Փաշինյանի, Արամ Սարգսյանի , Գևորգ Գորգիսյանի, Մանե Թանդիլյանի և Արտակ Զեյնալյանի կողմից օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացված «Գույքահարկի» մասին ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը: Այսպիսով` առաջարկվում էր գույքահարկից ազատել ՀՀ Զինված ուժերում և այլ զոր­քե­րում զինվորական ծառայության մեջ գտնվող բոլոր անձանց, ինչի արդյունքում կբարելավվի ՀՀ զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց սոցիալական վիճակը: «Ծառայության ընթացքում գույքահարկից ազատվում են Հայաստանի Հանրապետության զինված ուժերում և այլ զորքերում զինվորական ծա­ռա­յու­թյան մեջ գտնվող անձինք, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության միջազգային պայ­մանագրերով դաշնակից երկրների՝ Հայաստանի Հանրապետության տարածքում պար­տա­դիր ժամկետային զինվորական ծառայություն մեջ գտնվող անձինք»,-նշված է առաջարկվող փոփոխության տեքստում: Ֆինանսների նախարարի տեղակալ Ատոմ Ջանջուղազյանը նշեց, որ առաջարկում են ձեռնպահ մնալ այսպիսի օրենքի ընդունումից և տեղեկացրեց, որ գույքահարկի վճարից ազատված են պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվողները: «Ինչու է գործող օրենքում նախատեսված պարտադիր զինվորական ծառայության մեջ գտնվող անձանց արտոնություն տալ, քանի որ այս դեպքում գնահատվում է, որ անձը չի կարող տնօրինել իր գույքը, անհրաժեշտության դեպքում ստանալ եկամուտ և, հետևաբար այն տրամաբանությունն է դրված, որ այդ ժամանակահատվածում ազատված լինի գույքահարկի պարտավորությունից, իսկ մնացած դեպքերում կստացվի ճիշտ հակառակը, կարող է վարձով տրամադրել գույքը, որի արդյունքում կարող է եկամուտ ստանալ»,-հիմնավորեց նա:

Նմանատիպ նյութեր