211652_close_icon
views-count4217 դիտում article-date 23:25 18-09-2017

Տարոն Մարգարյանը մասնակցել է «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի բացման արարողությանը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանը Հայաստանի շախմատի ակադեմիայում մասնակցել է Երևանում արդեն երկրորդ տարին անընդմեջ անցկացվող «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությանը: Սեպտեմբերի 18-27-ը անցկացվող մրցաշարին այս տարի մասնակցում են 13 երկրների շուրջ 150 շախմատիստներ, այդ թվում` 20 միջազգային գրոսմայստեր և 25 միջազգային և ՖԻԴԵ-ի վարպետներ: Մրցաշարի բացման հանդիսավոր արարողության շրջանակում Երևան օփեն միջազգային 2-րդ բաց առաջնության մասնակիցներին ուղղված ողջույնի խոսքում Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը մասնավորապես ասել է. «Կարծում եմ շատերիդ է հայտնի, որ շախմատային հարուստ ավանդույթներ ունեցող մեր երկրում ու, հատկապես մայրաքաղաք Երևանում, ստեղծված են բոլոր նախապայմանները՝ շախմատային աշխարհի նոր անունների բացահայտման և կայացման համար: Այս համատեքստում են նաև կազմակերպվող թե՛ տեղական և թե՛ միջազգային տարիքային ամենատարբեր խմբերի մրցումներ ու մրցաշարերը, որոնք, վստա՛հ եմ, իրենց ուրույն նպաստն են բերում շախմատի առավել հանրայնացման գործում։ Հատկապես վերջին տարիներին Երևանում ավելի հաճախ են կազմակերպվում միջազգային փառատոներ և մրցույթներ, ստուգատես օլիմպիադաներ ու առաջնություններ, որոնց կազմակերպումն ու իրականացումն, անշուշտ, և՛ հաճելի է, և՛ պատվաբեր: Իսկ դրանց շարքում, իհարկե, իրենց ուրույն տեղն ունեն շախմատի սպասված միջազգային մրցաշարերն ու առաջնությունները: Հետևաբար կարող եք լիարժեք վստահ լինել, որ Երևանն իրո՛ք մեծ սիրով ու ջերմությամբ է հյուրընկալել բոլորիդ և ի սրտե մաղթում է, որ «Երևան օփեն» միջազգային այս մրցաշարում գրանցեք նորանոր արդյունքներ ու հաջողություններ», - ընդգծել է քաղաքապետ Տարոն Մարգարյանն ու «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարը հայտարարել բացված: Հայաստանի շախմատի ֆեդերացիայի նախագահի առաջին տեղակալ Սմբատ Լպուտյանն էլ իր խոսքում շնորհակալություն հայտնելով Երևանի քաղաքապետ, Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Տարոն Մարգարյանին՝ «Երևան Օփեն» շախմատի միջազգային մրցաշարի կազմակերպման ու անցկացման հարցում անմիջական ներդրում ունենալու համար, ընդգծել է, որ Երևանի համար իսկապես պատվաբեր և սպասված է միջազգային նման մրցաշարի անցկացումը: Հարկ է նշել, որ մրցաշարի գլխավոր կազմակերպիչն է Երևանի շախմատի ֆեդերացիան: Այն անցկացվելու է շվեյցարական մրցակարգով, 9 խաղափուլով: «Երևան Օփեն 2017» շախմատի միջազգային մրցաշարի հանդիսավոր բացման արարողությունն ուղեկցվել է տոնական համերգով: [b]Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն [/b]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 4+
4+

Նմանատիպ նյութեր