1740 դիտում
18:00 19-09-2017
Նոր ուղղություններ` գյուղատնտեսության բնագավառում. ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այցելել է Կոտայքի մարզ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանն այսօր այցելել է Կոտայքի մարզի մի շարք ընկերություններ:
Նախարարը մարզպետ Կարապետ Գուլոյանի ուղեկցությամբ նախ Աբովյան քաղաքում այցելել է «Առողջ սունկ» ՍՊԸ, ծանոթացել սնկի արտադրության պայմաններին, փաթեթավորման և պահեստավորման գործընթացին, եղել սնկի պահածոյացման արտադրամասում:
Ընկերությունն արդեն 13 տարի զբաղվում է սնկի արտադրությամբ, հիմնական ուղղությունն արտահանումն է: Արտադրում են թարմ շամպինյոն, պորտոբելլո, կախասունկ, ունեն նաև վերամշակված արտադրանք: Ընկերության խորհրդի նախագահ Արեգ Ազոյանի խոսքով` թարմ սունկն արտահանվում է հիմնականում ԵԱՏՄ և Մերձավոր Արևելքի երկրներ, իսկ վերամշակված արտադրանքն իրացվում է ամբողջ աշխարհում: 2016 թվականին այստեղ արտադրվել է մոտ 1500 տոննա սունկ, որից մոտ 350 տոննան արտահանվել է, արդեն այս տարի արտահանման ցուցանիշը գրեթե կկրկնապատկվի, հետագայում նախատեսում են արտահանման մասնաբաժինը հասցնել մոտ 90 տոկոսի:
Նախարարի հաջորդ կանգառը «ՕՌՎԱԿՕ» հայ-նորվեգական համատեղ ձեռնարկությունում էր, որտեղ նա հանդիպել է աշխատակիցների հետ, ծանոթացել որդակոմպոստացման գործընթացին:
Այստեղ ներկայումս արտադրվում է չորս անուն օրգանական պարարտանյութ: Աշխարհում միակ ընկերությունն է, որտեղ սնկարտադրության օգտագործված կոմպոստը վեր են ածում օրգանական պարարտանյութի` արտադրական ծավալներով: Ընկերության տնօրեն Լուսինե Նալբանդյանը նշում է, որ համալիր օրգանիկ պարարտացման շնորհիվ պտուղը ստացվում է ավելի խոշոր, համեղ, նաև երկար պահունակություն է ունենում, հիվանդությունների նկատմամբ ավելի կայուն է դառնում, վնասատուներն ավելի քիչ վնաս են հասցնում, և ամենակարևորը` ստացվում է սպառման համար անվտանգ մթերք:
Նրա խոսքով` վերջին տարիներին հանրապետությունում նկատվում է օրգանական պարարտանյութերի, այդ թվում` նաև ընկերության կողմից ստեղծված էկոլոգիապես մաքուր կենսահումուսի, տորֆի և կոմպոստի խառնուրդ հանդիսացող ՕՐԳԱՆՈՄԻՔՍ կենսաբանորեն ակտիվ օրգանական պարարտանյութի հանդեպ հետաքրքրության աճ, սակայն դեռևս կարծրացած մտածելակերպ կա գյուղացիների շրջանում` բավարարվում են միայն ազոտական պարարտանյութով, այնինչ այն միակողմանի պարարտացում է:
Այնուհետև նախարար Իգնատի Առաքելյանն ուղևորվել է Զորավան համայնք` օրգանիկ մոշի և ազնվամորու մշակությամբ զբաղվող «Արմբերրի» ընկերության գործունեությանը ծանոթանալու նպատակով:
Տնօրեն Հարություն Փախչանյանը հայտնել է, որ իրենց նպատակն է նորագույն տեխնոլոգիաների ներդրմամբ այստեղ բարձր արտադրողականությամբ ազնվամորու և մոշի օրգանական ինտենսիվ այգի ստեղծել: Այժմ այստեղ յոթ սորտ է փորձարկվում, նպատակ ունեն դուրս գալ արտերկրի շուկա, քանի որ հայ սպառողը դեռևս պատրաստ չէ բարձր գին վճարել օրգանիկ արտադրանքի համար: Ոռոգումն իրականացվում է կաթիլային եղանակով, գյուղտեխնիկայի լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում ձեռք են բերել տրակտոր` անհրաժեշտ կցամասերով, ծրագրի պայմաններից գոհ են, եթե այն չլիներ, տեխնիկայի ձեռքբերումը պետք է հետաձգեին մյուս տարիների համար: 2018 թվականին նախատեսում են օգտվել նաև կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգի ներդրման սուբսիդավորվող վարկերից:
ՀՀ գյուղատնտեսության նախարարը այցելել է նաև Արագյուղ համայնքում գտնվող «Նաիրիան» ընկերություն, որը զբաղվում է բնական կոսմետիկայի արտադրությամբ` կիրառելով հայկական բարձրավանդակում աճող բույսերը: Ներկայումս ընկերությունն ունի 4 հեկտար դամասկոսյան վարդի դաշտ և ևս 4 հեկտար հողատարածք այլ եթերայուղատու մշակաբույսերի աճեցման համար: Ընկերության մասնագետները նշում են, որ դամասկոսյան վարդը բոլորովին էլ քմահաճ չէ. ցրտադիմացկուն է, կարկուտից չի վնասվում, շատ քիչ ոռոգում է պահանջում, միևնույն ժամանակ իր գեղեցկությամբ շատ սրտեր է գրավում. վարդաքաղի սեզոնին ոմանք նույնիսկ դիմում են կամավոր հիմունքներով այստեղ աշխատելու համար:
Ընկերության համահիմնադիր և գիտական ղեկավար Անահիտ Մարկոսյանի խոսքով` բնական կոսմետիկայի պահանջարկն աշխարհում գնալով ավելանում է, սակայն շատ քիչ ընկերություններ կան, որ այդ ամենը պատրաստում են հենց իրենց արտադրած բնական հումքից, և Նաիրիանը հենց դրանով էլ առանձնահատուկ է:
Նախարարը շրջել է դաշտերում, եղել ընկերության գործարանում և լաբորատորիայում, հետևել ռեհանի թորման գործընթացին, ծանոթացել ընկերության ընթացիկ աշխատանքներին:
«Մենք այսօր տեսանք մի շղթա, որտեղ մի արտադրությունը տալիս է մեկ այլ արտադրություն` սնկից ստանում են օրգանական պարարտանյութ, որն իր հերթին օգտագործվում է և' այգեգործության, և' այս նոր ոչ ավանդական ուղղության` օրգանական կոսմետիկայի համար անհրաժեշտ մշակաբույսերի աճեցման համար: «Նաիրիան» ընկերությունը շատ լավ նախաձեռնություն է սկսել, արդեն դուրս են եկել միջազգային շուկա: Նրանց հետ քննարկեցինք այս ուղղությունն ընդլայնելու նպատակահարմարության հարցը: Նաև եղանք հատապտղային ինտենսիվ այգում, որտեղ ընտրում են լավագույն տնկին` տվյալ բնակլիմայական պայմաններին համապատասխան մաքսիմալ բերք ստանալու նպատակով»,-ամփոփելով այցի արդյունքները` նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարը կարևորել է գյուղատնտեսությունում օրգանական պարտանյութերի կիրառումը և արտադրությունը` վստահեցնելով, որ կառավարությունը կանի հնարավորը այն խթանելու համար:
[b]
ՀՀ գյուղատնտեսության նախարարության տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3731 դիտում
16:13 19-08-2017
Իգնատի Առաքելյանն այցելել է Արարատի մարզ. նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան
9822 դիտում
19:16 19-08-2017
Իգնատի Առաքելյանն այցելել է Արարատի մարզ. նախատեսվում է գործարկել ժամանակակից տեխնոլոգիաներով ձկնաբուծարան
Այս բաժնից
817 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
847 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»