211652_close_icon
views-count2153 դիտում article-date 17:20 22-09-2017

Երևանում մեկնարկել է «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագրով հայ-իրանական համաժողովը

Այսօր՝ սեպտեմբերի 22-ին, Երևանում մեկնարկել է «Նանոգիտություն և տեխնոլոգիաներ» խորագիրը կրող հայ-իրանական երկօրյա համաժողովը: Համաժողովի պաշտոնական բացմանը ողջույնի խոսքով հանդես են եկել ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանը, Հայաստանի Հանրապետությունում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջջադը, Իրանի արդյունաբերության, հանքարդյունաբերության և առևտրի նախարարի տեղակալ Հուսեյն Էսֆահբոդին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) Հայաստանում գործող ՓՄՁ զարգացմանն աջակցող թիմի ղեկավար Էվա Մարիա Նեհերը և Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի գլխավոր քարտուղար, պրոֆեսոր Սաեդ Սարկարը։ Սուրեն Կարայանը Հայաստանի Հանրապետության կառավարության և իր անունից ողջունեց նանոտեխնոլոգիաների ոլորտում հայ-իրանական առաջին համաժողովի մասնակիցներին, հյուրերին, կազմակերպիչներին և մաղթեց բեղմնավոր աշխատանք։ Նշելով, որ Իրանը մեծ առաջընթաց է գրանցել նշված ոլորտում և այս առումով հայ գործարարների համար լայն հնարավորություններ են բացվում, նախարարը հույս հայտնեց, որ համաժողովն արժեքավոր ներդրում կունենա Հայաստանում բարձր տեխնոլոգիաների ոլորտի զարգացման համար, որ հայ ու իրանցի գիտնականների և գործարարների համագործակցության արդյունքում նոր լուծումներ կգտնվեն և բարձր տեխնոլոգիաների կիրառմամբ կկառուցվեն նոր գործարաններ։ Սեյեդ Քազեմ Սաջջադն իր խոսքում նույնպես գոհունակություն հայտնեց միջոցառման կազմակերպման առիթով և շեշտեց, որ այսպիսով երկու երկրների ժողովրդների համար նոր պատուհան է բացվել ու անհրաժեշտ է լավագույնս օգտագործել այդ հնարավորությունը։ Իրանի դեսպանը նշեց նաև, արդյունավետ համագործակցության արդյունքում Հայաստանը կարող է առաջիկայում լուրջ ձեռքբերումներ գրանցել նանոտեխնոլոգիաների ոլորտում։ Նա առանձնահատուկ ընդգծեց Սուրեն Կարայանի ակտիվ դերակատարումը հայ-իրանական տնտեսական կապերի ամրապնդման հարցում։ Հուսեյն Էսֆահբոդին իր հերթին ողջունեց միջոցառման մասնակիցներին և, կարևորելով այս նախաձեռնությունը, նշեց Սուրեն Կարայանի մեծ ներդրումը երկու երկրների տնտեսական հարաբերությունները զարգացնելու ուղղությամբ, նաև Սեյեդ Քազեմ Սաջջադի հետևողական աշխատանքը և ջանքերը։ Էվա Մարիա Նեհերը նույնպես ողջունեց միջոցառման մեկնարկը և պատրաստակամություն հայտնեց աջակցել նորարարական գաղափարների առաջմղման և կիրառման գործընթացներին։ Սաեդ Սարկարն իր ողջույնի խոսքում համոզմունք հայտնեց, որ հայ և իրանցի գիտնականների ու գործարարների այս համագործակցությունը շարունակական է լինելու և տալու է իր դրական արդյունքները։ Նա համառոտ ներկայացրեց Իրանի ձեռքբերումները նանոտեխնոլոգիաների ոլորտում։ Համաժողովին մասնակցում են Հայաստանի և Իրանի գիտական և գործարար համայնքների, շահագրգիռ պետական և մասնավոր կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Համաժողովը գործընկերային կապեր հաստատելու գերազանց հարթակ է գիտատեխնոլոգիական և գործարար հանրության համար: Երկօրյա միջոցառման առաջին օրը կքննարկվեն բարձր տեխնոլոգիաների և ինովացիոն ոլորտների քաղաքականությանն առնչվող հարցեր ու ծրագրեր, ինչպես նաև կներկայացվեն գիտական զեկուցումներ: Միջոցառման երկրորդ օրը տեխնոլոգիաների ոլորտի ընկերությունները կներկայացնեն իրենց արտադրանքը, սարքավորումները, առևտրայնացման փորձը, ինչպես նաև կանցկացվեն քննարկումներ` հայկական և իրանական ընկերությունների միջև համագործակցության հնարավոր ուղղությունների շուրջ: Համաժողովը կազմակերպվել է ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարության կողմից` Իրանի նանոտեխնոլոգիական նախաձեռնությունների խորհրդի հետ համատեղ, Եվրամիության համաֆինանսավորմամբ իրականացվող «Աջակցություն Հայաստանում փոքր և միջին ձեռնարկատիրության զարգացմանը» (“Support to SME Development in Armenia” (SMEDA) ծրագրի շրջանակում` Գերմանական միջազգային համագործակցության ընկերակցության (GIZ) աջակցությամբ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+

Նմանատիպ նյութեր