4519 դիտում
13:36 27-09-2017
ՀՀ գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
ՀՀ գյուղատնտեսության նախարար Իգնատի Առաքելյանը նախօրեին այցելել է Արարատի մարզի մի շարք վերամշակող ընկերություններ՝ խաղողի մթերման գործընթացին հետևելու նպատակով: Նախարարին ուղեկցում էին Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը, գյուղատնտեսության փոխնախարար Ռոբերտ Մակարյանը և Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը:
Այցի շրջանակում նախարարը եղել է «Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» Մասիսի, «Պռոշյանի կոնյակի գործարանի» Մրգավանի, «Երևանի կոնյակի գործարանի» Այգավանի մթերման կետերում, ինչպես նաև Արարատի և Ավշարի գինու գործարաններում, զրուցել պատասխանատուների հետ, հետևել աշխատանքների ընթացքին:
«Երևանի Արարատ կոնյակի, գինու, օղու կոմբինատի» արտադրության պետ Կարեն Աղաջանյանը նշել է, որ մթերումն ընթանում է բնականոն հունով: Աշխատում են պայմանագրային հիմունքներով իրենց բազայում ընդգրկված գյուղացիական տնտեսությունների հետ, ընդ որում մթերում են այնքան խաղող, որքան տվյալ տարում արտադրել են գյուղացիները: Չկատարված ֆինանսական պարտավորություններ չունեն, գումարը վճարում են անմիջապես «կշեռքի վրա»:
«Պռոշյանի կոնյակի գործարանում» նույնպես այս տարի մթերումների գործընթացում խնդիրներ չեն ծագում: Գլխավոր տնօրեն, հիմնադիր Արմեն Գասպարյանի խոսքով՝ բերքն անմիջապես ընդունում են, թույլ չեն տալիս, որպեսզի հերթեր գոյանան: Մթերումն այս տարի սկսել են օգոստոսի 31-ից, արդեն ավելի քան 10 000 տոննա խաղող են գնել, գումարները վճարվում են հանձնելուց հետո՝ առավելագույնը 30-35 օրվա ընթացքում: Խաղողի տեսակով պայմանավորված 1կգ-ի մթերման գինը տատանվում է 120-160 դրամի սահմաններում, իսկ «Արենի» սորտի համար պատրաստ են 280–ից 300 դրամ վճարել:
Արմեն Գասպարյանը նշում է, որ այս տարի թեպետ խաղողի քանակը փոքր-ինչ պակաս է, սակայն փոխարենը որակն է բարձր. «Մինչև վերջին հատիկ խաղողը չմթերվի, մեր մասնաճյուղերի դռները չեն փակվելու»,- շեշտում է «Պռոշյանի կոնյակի գործարանի» պատասխանատուն:
«Արարատի գինու գործարանում» խաղողի մթերումները մեկնարկել են շուրջ 10 օր առաջ, այս պահին մթերում են միայն տեխնիկական սորտեր: Տնօրեն Սեդրակ Սարգսյանը նույնպես նշում է, որ այս տարվա բերքը նախորդ տարիների համեմատ բավականին որակյալ է, անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի շատ խաղող են մթերել, ընդ որում օր օրի ծավալներն ավելանում են: Արարատի գինու գործարանն օգտվել է 3 % տոկոսադրույքով մթերման վարկերից, ինչը թեթևացրել է գումարների վճարման հոգսը. վճարումները տեղում են կատարվում, գյուղացին գոհունակությամբ է հեռանում: Այստեղ նույնպես ընդգծում են՝ ծավալների սահմանափակում չկա. կմթերեն այնքան խաղող, որքան գյուղացիները կբերեն:
«Ավշարի գինու գործարանում» էլ խաղողի մթերումներից գոհ են: Գլխավոր տնօրեն Սամվել Թադևոսյանը նշում է, որ այս տարի նախատեսում են մթերել 2500-3000 տոննա բերք՝ նախորդ տարվա 2300-2500 տոննայի դիմաց: Մթերումն այստեղ մեկնակել է սեպտեմբերի 19-ից, մթերման գինը 130 դրամ է, գումարը վճարում են տեղում, հերթեր չկան: Նախորդ տարվա համեմատ սպառման ծավալների շուրջ 30-35 տոկոս աճ են գրանցել:
Երևանի կոնյակի գործարանն արդեն ավելի քան 17 000 տոննա խաղող է մթերել: Խորհրդի նախագահ Արա Գրիգորյանի խոսքով՝ որակի առումով շատ լավ տարի է, մթերումն իրականացվում է համաձայն պլանի, որևէ խնդիր չունեն:
Անդրադառնալով Երևանի կոնյակի գործարանի Այգավանի մասնաճյուղում կատարվող վերազինման աշխատանքներին՝ Արա Գրիգորյանը հավելել է, որ վերակառուցվում է մասնաճյուղի թորման արտադրամասը և այս տարվա նոյեմբերի 1-ից կվերսկսվեն գինենյութի թորման աշխատանքներն առավել արդիանակացված և եվրոպական չափորոշիչներին համապատասխան պայմաններում :
«Այս տարի մթերումը հիմնականում կազմակերպված է ընթանում: Այն բոլոր գործարանները, որտեղ այցելեցինք, մթերումներ են իրականացնում համաձայն կնքված պայմանագրերի: Օպերատիվ տվյալներով՝ այս պահին մթերվել է ավելի քան 60 000 տոննա խաղող, որը գերազանցում է անցյալ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը: Նվազագույն գինը 120 դրամ է »,- ամփոփելով այցի արդյունքները՝ նշել է Իգնատի Առաքելյանը:
Նախարարի խոսքով՝ ոլորտում առկա խնդիրները կարելի է վերջնականապես լուծված համարել, երբ խաղողագործն ու մթերողը պայմանագրերով աշխատեն և համաձայնության գան այն գնի շուրջ, որի պարագայում խաղողագործը կկարողանա շարունակել իր հետագա աշխատանքները: «Խաղողագործի աշխատանքը պետք է հարգվի և վճարվի այն գինը, որի դեպքում նա հաջորդ տարի էլ կկարողանա որակյալ խաղող մշակել և մատակարարել վերամշակողին»,- հավելել է գյուղատնտեսության նախարարը:
Արարատի մարզպետ Արամայիս Գրիգորյանը իր հերթին նշել է, որ նախորդ տարիների համեմատությամբ բավականին մեծ առաջընթաց է գրանցվել մթերումների կազմակերպման գործում:
Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամի տնօրեն Զարուհի Մուրադյանը տեղեկացրել է, որ Հայաստանի խաղողագործության և գինեգործության հիմնադրամը նախաձեռնել է հիմնել խաղողի տնկարկների ռեեստր, որը հնարավորություն կտա գույքագրել առկա սորտերը, վերահսկելի դարձնել գինեգործական արտադրանքի որակը և կանխել հնարավոր կեղծարարությունները:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 8+
8+
Նմանատիպ նյութեր
757 դիտում
18:58 18-09-2024
Էկոնոմիկայի նախարարն Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին
7767 դիտում
16:12 15-06-2018
Գյուղատնտեսության նախարարն Արարատի մարզում հետևել է մթերումների ընթացքին. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ
1325 դիտում
20:04 11-09-2022
ՀՀ էկոնոմիկայի նախարարը Արմավիրի մարզում հետևել է խաղողի մթերումների ընթացքին
Այս բաժնից
787 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
625 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
736 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված