211652_close_icon
views-count2859 դիտում article-date 21:30 29-09-2017

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարարի գլխավորած պատվիրակությանը

Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ սեպտեմբերի 29-ին, ընդունել է Եգիպտոսի Արաբական Հանրապետության (ԵԱՀ) ներդրումների և միջազգային համագործակցության նախարար Սահար Նասրի գլխավորած պատվիրակությանը, որը Հայաստանում է Տնտեսական, գիտական և տեխնիկական համագործակցության հարցերով հայ-եգիպտական միջկառավարական համատեղ հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում: Կարեն Կարապետյանի խոսքով՝ պատվիրակության այցը նոր լիցք կհաղորդի թե՛ հայ-եգիպտական հարաբերությունների զարգացմանը, և թե՛ միջկառավարական հանձնաժողովի աշխատանքներին: Վարչապետը ողջունել է բարեկամ Եգիպտոսի տնտեսական հաջողությունների ապահովման գործում նախարար Նասրիի ակտիվ դերակատարությունը և նշել, որ առկա են անհրաժեշտ նախադրյալները՝ երկկողմ համագործակցությունը ակտիվացնելու համար: «Առավելագույնս ուշադիր ենք լինելու մեր երկու երկրների հարաբերությունների ակտիվացմանն ուղղված բոլոր նախաձեռնություններին, և միջկառավարական հանձնաժողովի այսօրվա նիստը, որը վերջին անգամ տեղի էր ունեցել 2005 թ., լավ առիթ է, որպեսզի նոր լիցք հաղորդենք փոխգործակցությանը», - ասել է կառավարության ղեկավարը: Վարչապետը նշել է, որ Հայաստանը լավ հարթակ է ոչ միայն տեղական, այլև երրորդ շուկաներում ներդրումային ծրագրեր նախաձեռնելու համար: Եգիպտոսի ներդրումների և միջազգային համագործակցության նախարարը գոհունակություն է հայտնել այսօր կայացած միջկառավարական հանձնաժողովի 5-րդ նիստի շրջանակում համատեղ քննարկումների ընթացքից, արդյունքներից և ձեռք բերված պայմանավորվածություններից: «Մենք քննարկել ենք բոլոր այն ոլորտներում համագործակցության հնարավորությունները, որոնք փոխադարձ հետաքրքրություն են ներկայացնում՝ տնտեսություն, զբոսաշրջություն, մշակույթ, կրթություն, առողջապահություն: Դրա նպատակը մեր երկրների միջև առևտրատնտեսական և ներդրումային հարաբերությունների հետագա խորացումն է», - ասել է Սահար Նասրը: Նշելով, որ ծանոթ է ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների ծրագրին՝ նախարար Նասրը տեղեկացրել է, որ Եգիպտոսի տնտեսական համակարգում ևս այժմ լուրջ ռեֆորմներ են տեղի ունենում, նոր մոտեցումներ և ծրագրեր են մշակվում, և միջկառավարական հանձնաժողովի նիստը հենց այս շրջանում անցկացնելը տնտեսական համագործակցությունը խթանելու բավական հարմար առիթ է: Զրուցակիցները մտքեր են փոխանակել առևտրատնտեսական կապերի ակտիվացման հետագա քայլերի, ազատ տնտեսական գոտիների շրջանակում, գործակցության և զբոսաշրջության ոլորտում առկա ներուժի լիարժեք իրացման հնարավորությունների, ճանաչողական փոխայցեր կազմակերպելու և այլ հարցերի շուրջ: Վարչապետ Կարապետյանը համոզմունք է հայտնել, որ միջկառավարական հանձնաժողովի նիստից հետո կայանալիք գործարար համաժողովը ևս արդյունավետ հարթակ է՝ երկու երկրների ներդրումային հնարավորություններին ծանոթանալու և առարկայական ծրագրերը քննարկելու համար:

Նմանատիպ նյութեր