211652_close_icon
views-count41474 դիտում article-date 22:30 29-09-2017

Հրազդանի թիվ 13 դպրոցում բացվեց Գինեսի ռեկորդակիր, զինվոր Արտակ Ռաֆայելյանի խաչքարը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

1997 թվականի ապրիլի 13-ին, Կոտայքի մարզի Հրազդան քաղաքի Աթաբեկյան թաղամասում ծնվեց Արտակ Էդիկի Ռաֆայելյանը: Դեռ դպրոցական հասակից աչքի էր ընկնում բնատուր ուժով, բայց անսահման բարի և խաղաղասեր էր: Պատանեկան տարիքում զբաղվել է մարտարվեստով՝ աչքի չընկնելով իր մենամարտերով, սակայն փոխարենը, դառնալով հայկական Դյուցազնագրքի, այնուհետև նաև Գինեսի գրքի ռեկորդակիր՝ պառկած դիրքից ավելի քան 11 հազար անգամ (11011) կատարելով հենում–ծալում վարժությունը: 2015 թ.-ին հասավ պարտադիր զինծառայության մեկնելու նրա ժամը և նա հրաժեշտ տալով իր հարազատ՝ Հովսեփ Օրբելու անունը կրող թիվ 13 դպրոցին, ոտք դրեց Հայոց բանակ, որտեղ նույնպես աչքի ընկավ իր խելացիությամբ, համարձակությամբ և բնատուր ուժով: 2016 թ.-ի ապրիլյան պատերազմի օրերին Արտակն արդեն ջոկի գնդացրորդ էր և ծառայում էր Արցախի հյուսիս-արևելյան ուղղությամբ գտնվող սահմանապահ զորամասերից մեկում: Իր 10 կիլոգրամից ավելի կշռող զենքին տիրապետում էր շատ վարժ և անգամ մեկ ձեռքով կարողանում էր պահել այն անշարժ և դիպուկ խոցել թիրախները: Այդ ամենի շնորհիվ աչքի ընկավ մարտի դաշտում՝ անվնաս պրծնելով և կատարելով իր հրամանատարների առաջադրանքները: 20-ամյա Արտակ Ռաֆայելյանը պետք է ավարտեր զինծառայությունն ու զորացրվեր 2017 թ.-ի հուլիսին, սակայն զոհվեց քաջի մահով, 2017թ.-ի մարտի 28-ին մահացու վիրավորում ստանալով՝ իրեն վստահված մարտական հենակետը պահպանելիս: Այսօր՝ սեպտեմբերի 29-ին, թիվ 13 դպրոցում, և՛ տոն էր և՛ տխրություն ու հիշատակի օր: Դպրոցականները, նրանց ծնողները, ուսուցիչները, ինչպես նաև ազատամարտիկներն ու համայնքային կառույցների ներկայացուցիչները հավաքվել էին իրենց հարգանքի տուրքը տալու նորօրյա մեր հերոսներին և մասնակցելու Ա. Ռաֆայելյանի սխրանքը հավերժացնող խաչքարի բացման հանդիսությանը: Միջոցառումը մեկնարկեց տեղի «Երկրապահ» ակումբի պատանիների և դպրոցականների ցուցադրություններով, իսկ խաչքարի բացումից հետո ԵԿՄ Կոտայքի մարզային կառույցի ղեկավարները պատվոգրերով և մեդալներով պարգևատրեցին ուսման և աշխատանքի մեջ աչքի ընկած դպրոցականներին, ուսուցիչներին և տնօրեններին: «Ղարաբաղյան պատերազմի վետերանների միություն» կազմակերպության Կոտայքի մարզային կառույցի ղեկավար Վաչագան Գալստյանի ձեռամբ Արտակ Էդիկի Ռաֆայելյանը հետմահու պարգևատրվեց ՂՊՎՄ սահմանած «Հայրենիքի պաշտպանության համար» մեդալով, որը փոխանցվեց նրա ընտանիքին: Լուսանկարները և տեսանյութը՝ Հայկ Կիսեբլյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 79+
79+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր