211652_close_icon
views-count2205 դիտում article-date 17:58 04-10-2017

Երևանում կայացել է հայ-չեխական գործարար համաժողովը

Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխի Հայաստան այցի շրջանակում հոկտեմբերի 4-ին «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում կայացել է հայ-չեխական գործարար համաժողով, որի բացմանը ներկա են եղել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ՀՀ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավար Էդուարդ Շարմազանովը եւ Չեխիայի Սենատի նախագահ Միլան Շտեխը: Համաժողովում բացման խոսքով հանդես է եկել ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Էդուարդ Շարմազանովը: ԱԺ փոխնախագահի խոսքով՝ հայ-չեխական տնտեսական եւ գործարար կապերը վերջին տարիներին արդյունավետ զարգանում են, որի վառ ապացույցն այս տարվա ընթացքում ապրանքաշրջանառության շուրջ 60 տոկոսով աճն է: «Հայաստանը ԵՏՄ անդամ միակ երկիրն է, որն ունի GSP+ համակարգ ԵՄ երկրների հետ, ինչը հնարավորություն է տալիս զարգացնելու առեւտրաշրջանառությունը, տնտեսական կապերը ԵՄ երկրների, այդ թվում՝ Չեխիայի հետ: Այո, մենք ԵՏՄ անբաժանելի մասն ենք, բայց դա խոչընդոտ չէ ԵՄ երկրների հետ տնտեսական հարաբերությունները զարգացնելու հարցում»,-ընդգծել է Էդուարդ Շարմազանովը: Նշելով, որ հայ-չեխական տնտեսական հարաբերությունների զարգացումը մեր երկրի համար առաջնահերթություն է՝ ԱԺ Հայաստան-Չեխիա բարեկամական խմբի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել այն հանգամանքը, որ բազմաթիվ չեխական ընկերություններ ակտիվ գործունեություն են ծավալում Հայաստանում, իսկ հայ գործարարները՝ Չեխիայում: Համաժողովի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ ՀՀ ԱԺ փոխնախագահը հավաստիացրել է, որ հայ օրենսդիրները չեխ խորհրդարանականների հետ միասին անելու են հնարավորը տնտեսական հարաբերությունների զարգացմանը խթանելու համար: Ողջույնի խոսքում Չեխիայի Հանրապետության խորհրդարանի Սենատի նախագահ Միլան Շտեխը եւս ընդգծել է, որ երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսությունը եւ տնտեսական կապերը դրական զարգացման հունով են ընթանում եւ հույս է հայտնել, որ նոյեմբերին ՀՀ-ԵՄ հարաբերությունները կարգավորող նոր իրավական փաստաթղթի ստորագրումից հետո երկու երկրների հարաբերություններն առավել կխորանան: Համաժողովի ընթացքում քննարկվել են երկկողմ ներդրումային եւ գործարար կապերի զարգացման հեռանկարներին առնչվող հարցեր:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր