2999 դիտում
23:30 04-10-2017
Հայ-լիտվական առևտրատնտեսական համագործակցությունը զարգացման մեծ ներուժ ունի. Կարեն Կարապետյան
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 4-ին, ընդունել է Լիտվայի Հանրապետության կառավարական պատվիրակությանը, որի կազմում են էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը, սոցիալական ապահովության և աշխատանքի նախարար Լինաս Կուկուրաիտիսը, պաշտոնատար այլ անձինք: Պատվիրակությունը Հայաստանում է՝ առևտրատնտեսական համագործակցության հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում:
Վարչապետն ընդգծել է, որ նման ներկայացուցչական պատվիրակության այցը վկայում է երկու երկրների միջև բարձր մակարդակի քաղաքական հարաբերությունների մասին, և Հայաստանը պատրաստակամ է ընդլայնելու համագործակցությունը։ «Մեր առևտրատնտեսական հարաբերություններն ունեն ներուժ, որն առայժմ ամբողջությամբ չի օգտագործվում, և հայ-լիտվական միջկառավարական հանձնաժողովը շատ աշխատանք ու անելիքներ ունի այս առումով», -ասել է Կարեն Կարապետյանը։ Կառավարության ղեկավարը նշել է, որ նոյեմբերին Բրյուսելում ստորագրվելիք Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ևս դրական ազդեցություն կունենա հայ-լիտվական հարաբերությունների վրա։ Վարչապետն անդրադարձել է լիտվական գործարարների համար մեր երկրում գործունեություն ծավալելու հնարավորություններին՝ այս համատեքստում նշելով Իրանի հետ սահմանին Սյունիքի ազատ տնտեսական գոտու ստեղծումը և ՀՀ անդամակցությունը ԵԱՏՄ-ին:
Շնորհակալություն հայտնելով վարչապետին ընդունելության համար՝ Լիտվայի կառավարական պատվիրակության անդամները նշել են, որ պատրաստ են ջանքեր գործադրել տարբեր ոլորտներում երկկողմ կապերն էլ ավելի խորացնելու համար: «Հավաստիացնում եմ, որ լիտվական բիզնեսը հետաքրքրված է ավելի լավ բացահայտելու և´ Հայաստանը, և´ ձեր հարևան երկրները: Մեզ հետ Հայաստանում են և տարբեր հանդիպումներ են ունենում նաև մասնավոր հատվածի ներկայացուցիչներ, մասնավորապես, տեղեկատվական տեխնոլոգիաների և տեքստիլ արդյունաբերության ոլորտից: Կարծում եմ՝ գյուղատնտեսության ոլորտում ևս համագործակցության մեծ հնարավորություններ կան: Մենք այստեղ ենք, որ ավելի լավ ուսումնասիրենք հնարավորությունները և էլ ավելի ընդլայնենք ու զարգացնենք մեր լավ հարաբերությունները», - նշել է էկոնոմիկայի նախարար Մինդաուգաս Սինկեվիչիուսը:
Կողմերը կարևորել են շարունակական աշխատանքը՝ ավելի բարձր արդյունքներ արձանագրելու ուղղությամբ:
Վարչապետ Կարապետյանը շնորհակալություն է հայտնել Լիտվայի կողմից 2005 թ. Հայոց ցեղասպանությունը ճանաչելու (Լիտվան բալթյան երկրներից միակն է, որ ճանաչել է Հայոց ցեղասպանությունը) և Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման գործում Լիտվայի հավասարակշռված դիրքորոշման համար։
Նմանատիպ նյութեր
3117 դիտում
15:04 14-10-2016
Ունենք հայ-ռուսական հարաբերությունների զարգացման աննախադեպ մեծ ներուժ. Կարեն Կարապետյան
3521 դիտում
13:44 02-08-2018
Հայ-ճապոնական առևտրատնտեսական հարաբերություններում մեծ ներուժ կա. Արծվիկ Մինասյան
Այս բաժնից
826 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
856 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»