2416 դիտում
22:02 06-10-2017
ՀՀ վարչապետը և Բելառուսի արդյունաբերության նախարարը քննարկել են տնտեսական համագործակցության խթանման հնարավորությունները
Վարչապետ Կարեն Կարապետյանն այսօր՝ հոկտեմբերի 6-ին, ընդունել է Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Վիտալի Վովկին:
Վարչապետ Կարապետյանի խոսքով՝ Հայաստանի և Բելառուսի միջև առևտրատնտեսական հարաբերությունների և ապրանքաշրջանառության ոլորտում չիրացված մեծ ներուժ կա, և անհրաժեշտ է հետևողական աշխատանքով, նոր ծրագրերով խթանել ու զարգացնել տնտեսական համագործակցությունը:
Վիտալի Վովկը, համակարծիք լինելով ՀՀ վարչապետի հետ, արդյունավետ է գնահատել այսօր տեղի ունեցած Եվրասիական գործընկերության երկրորդ միջազգային համաժողովը, որի շրջանակում հայաստանյան համապատասխան գերատեսչությունների ներկայացուցիչների հետ քննարկվել են ինչպես երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցության զարգացման հեռանկարները:
Զրուցակիցները քննարկել են գյուղատնտեսության, տրանսպորտային ենթակառուցվածքների, քաղաքային տնտեսության, կրթության և երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ ոլորտներում գործակցությունը զարգացնելու հեռանկարները: Վարչապետն անդրադարձել է Իրանի հետ սահմանին ստեղծվող ազատ տնտեսական գոտու, ԵՄ երկրների հետ GSP+ և ԱՄՆ հետ GSP արտոնյալ ռեժիմների հնարավորություններին՝ առաջարկելով Հայաստանը դիտարկել որպես երրորդ երկրների շուկաներ մուտք գործելու արդյունավետ հարթակ:
Կոնկրետ արդյունքներ արձանագրելու համատեքստում կողմերը կարևորել են Տնտեuական համագործակցության հարցերով հայ-բելառուuական միջկառավարական համատեղ հանձնաժողովի գործունեությունը և քննարկել այս ամսվա ընթացքում հանձնաժողովի՝ Մինսկում կայանալիք նիստի օրակարգին վերաբերող հարցեր:
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
748 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
772 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»