6937 դիտում
16:13 13-10-2017
Փաստաբանների պալատում տեղի է ունեցել միջազգային կլոր-սեղան քննարկում՝ ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանի մասնակցությամբ. ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ
2017 թվականի հոկտեմբերի 12-ին ՀՀ փաստաբանների պալատում տեղի է ունեցել միջազգային կոնֆերանս՝ նվիրված բաժնետիրական ընկերությունների և փաստաբանների մասնագիտական ապահովագրության թեմաներին:
Քննարկումը կազմակերպվել էր ՀՀ փաստաբանների պալատի, «Իրավունք և Առևտուր» ֆրանսիական կազմակերպության, ՀՀ-ում Ֆրանսիական համալսարանի, Հայաստանում ֆրանկոֆոն փաստաբանների միության և Հայաստանի Սենգոր ամբիոնի կողմից:
Միջոցառման բացման խոսքում ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանը, ողջունելով ներկաներին նշել է, որ Հայաստանի փաստաբանների պալատը ունի բարեկամական կապեր Ֆրանսիայի իրավաբանների և փաստաբանների հետ և վերջին տարիների համատեղ միջոցառումները դրա մասին են վկայում: Տեղեկացրել է, որ Ֆրանսիայի Կառպաների ազգային միության և չորս այլ երկրների փաստաբանական կառույցների հետ միասին, ՀՀ փաստաբանների պալատը Ֆրանսիայում հիմնադրել է Կառպաների միջագային միությունը։ Նա ողջունել է «Իրավունք և Առևտուր» կազմակերպության նախաձեռնությունը՝ այս միջոցառման համար որպես ընդունող երկիր Հայաստանին ընտրելու համար: Արա Զոհրաբյանը շեշտել է, որ ՀՀ ՓՊ-ի համար մեծ հետաքրքրություն են ներկայացնում փաստաբանի մասնագիտական ապահովագրման հիմնահարցերը՝ փաստելով, որ մեր երկրում այն դեռևս օրենսդրորեն կարգավորված չէ: Այս առումով նա կարևորել է ֆրանսիացիների փորձը: Փաստաբանների պալատի նախագահը նշել է, որ ցանկացած երկիր ներդրման տեսանկյունից պետք է հետաքրքիր լինի հենց իր դատաիրավական համակարգով, ունենա անկախ, կանխատեսելի դատարաններ և պրոֆեսիոնալ փաստաբաններ: Այս համատեքստում նա ողջունել է կոնֆերանսի անցկացումը, որը Հայաստանի փաստաբանության տեսակետները ներկայացնելու հնարավորություն է ընձեռում:
Ողջույնի խոսքով հանդես է եկել ՀՀ-ում Ֆրանսիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտը՝ նշելով, որ Հայաստանում սա իր մասնակցությամբ առաջին միջոցառումն է և վաղն էլ իր հավատարմագրերը հանձնելու է Հանրապետության Նախագահին: Նա նշել է, որ իր համար կարևոր սկզբունքներից է Ֆրանկոֆոն երկրների հետ ամուր կապերի հաստատումը: Կարևորելով նմանատիպ միջազգային միջոցառումները՝ դեսպանն ասել է, որ իր դիվանագիտական փորձը ցույց է տվել, որ ցանկացած բնագավառում պետք է համագործակցել, ոչ թե լինել խորհուրդ տվողի դերում: Նա նշել է, որ նման հարթակներում իրավական փորձառության փոխանակումն առավել արդյունավետ է երկուստեք խնդիրների բարձրացման և ոլորտի հետագա զարգացման ու կատարելագործման համար՝ հավելելով, որ ինքը հիբրիդային համակարգերի կողմնակիցն է:
Հայաստանում Ֆրանսիական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դեկան Կարին Հովսեփյանը ողջույնի խոսքում նշել է, որ հասարակության և շուկայի փոփոխմանը համընթաց կարևոր է նաև իրավունքների փոփոխությունը՝ նկատելով, որ իրավունքն իր սկզբնաղբյուրում համեմատական գիտություն է: Նա կարևորել է հայ-ֆրանսիական իրավաբանների համատեղ միջոցառման իրականացումը՝ հույս հայտնելով, որ այն կտա սպասված արդյունքները:
Ողջույնի խոսքով հանդես է եկել «Իրավունք և Առևտուր» կազմակերպության նախագահ, Փարիզի փաստաբանների միության անդամ տիկին Գաշուշա Կուղեժեն: Նա ներկայացրել է իրենց ասոցիացիան՝ այն համարելով գործնական իրավունքի մասնագետների կատարելագործման համար լավ հարթակ: Նա նկատել է, որ Հայաստանում բավական լավ պայմաններ են ներդրումների և դրանց պաշտպանվածության երաշխիքների առումով:
Միջոցառման առաջին հատվածում քննարկվել են բաժնետիրական ընկերությունների ստեղծման և զարգացման ուղղությունները հայ և ֆրանսիական իրականությունում: Հայկական կողմից «Հովհաննիսյան և գործընկերներ» փաստաբանական ընկերության կառավարող գործընկեր, փաստաբան Հայկ Հովհաննիսյանը ներկայացրել է Անկախ Հայաստանի բաժնետիրական ընկերությունների էվուլուցիան՝ անդրադառնալով պլանային տնտեսությունից շուկայականին անցնելու բարդություններին ու ծագած խնդիրներին: Քննարկելով բաժնետիրական ընկերություններին առնչվող օրենսդրությունը՝ Հայկ Հովհաննիսյանը արտերկրյա գործընկերներին տեղեկացրել է, որ այն ներկայում բավական ճկուն է:
Փարիզի փաստաբանների միության անդամ Ռոյ Առաքելյանը ներկայացրել է Ֆրանսիայում մեծ ճանաչում ունեցող պարզեցված բաժնետիրական ընկերությունների վերաբերյալ տեղեկատվություն: Նա փաստել է, որ դրանք իրենց ճկուն կանոնադրության շնորհիվ լայն տարածում են գտել Ֆրանսիայում և հեռանկարային կարող են լինել նաև Հայաստանում: Նա նկատել է, որ այսօր Ֆրանսիայի ներդրումների 95 տոկոսը պարզեցված բաժնետիրական ընկերություններում է կատարվում:
Քննարկման երկրորդ մասում մասնակիցներն անդրադարձել են փաստաբանների մասնագիտական պատասխանատվության ապահովագրության ինստիտուտին: «Հայաստանի ավտոապահովագրողների բյուրո»-ի գործադիր տնօրենի տեղակալ Արտյոմ Նազարյանը խոսել է պատասխանատվության ապահովագրման իսնտիտուտից: Ֆրանսիայի Վիեն քաղաքի փաստաբանների միության անդամ Լեոն Պաիյաղեն անդրադարձել է փաստաբանների մասնագիտական ապահովագրության ֆրանսիական ինստիտուտին՝ կարևորելով դրա նշանակությունը փաստաբանի մասնագիտական և հետագա այլ գործունեության համար:
Ֆրանսիացի հյուրերը ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանի հետ միասին ՀՀ փաստաբանների պալատի նախագահի ուղեկցությամբ շրջայց են իրականացրել պալատի շենքում՝ լինելով Փաստաբանական դպրոցում և Հանրային պաշտպանի գրասենյակում:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 3+
3+
Նմանատիպ նյութեր
2870 դիտում
20:35 09-02-2017
Սփյուռքահայ ներդրողների մասնակցությամբ տեղի ունեցավ կլոր-սեղան քննարկում. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ
Այս բաժնից
802 դիտում
09:59 21-12-2024
Վաղվանից ցերեկվա տևողությունը կավելանա․ Գագիկ Սուրենյան
640 դիտում
09:47 21-12-2024
Սյունիքի ճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց
751 դիտում
09:38 21-12-2024
Վերածնվածի զգացողությունը․ Փաշինյանը հրապարակել է «Բանտային օրագրից» մի հատված