2755 դիտում
20:13 13-10-2017
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի խստացմանը միտված ՀՀ դատախազության նախաձեռնությունների միջանկյալ արդյունքները
Հուլիսի 19-ին ՀՀ գլխավոր դատախազը օպերատիվ խորհրդակցություն էր հրավիրել ապօրինի ծառահատումների և այս ոլորտում կոռուպցիոն դրսևորումների դեմ պայքարին առնչվող հարցերի շուրջ:
Խորհրդակցության ընթացքում քննարկվել են ապօրինի ծառահատումների կանխարգելմանը, հանցագործությունների բացահայտմանը, հարուցված քրեական գործերով օբյեկտիվ և բազմակողմանի նախաքննությանը, պետությանը հասցված վնասի ամբողջական վերականգնմանը, ապօրինի ծառահատումների կոռուպցիոն սխեմաներում ներգրավված անձանց ամբողջական շրջանակի բացահայտմանը և պատասխանատվության ենթարկելուն խոչընդոտող հանգամանքները, անտառաշերտերի պահպանության և ծառահատումների ոլորտը կարգավորող օրենսդրական ու ենթաօրենսդրական ակտերում առկա բացերը լրացնելուն առնչվող խնդիրները:
ՀՀ գլխավոր դատախազը տվել էր ապօրինի ծառահատումների դեմ պայքարում իրավապահ մարմինների կողմից շոշափելի արդյունքներ ապահովելուն խոչընդոտող հանգամանքները հնարավորինս կարճ ժամանակահատվածում վերացնելուն ուղղված կոնկրետ հանձնարարություններ: Նրա կողմից ՀՀ գյուղատնտեսության նախարարին, ՀՀ բնապահպանության նախարարին, ՀՀ ԿԱ ՀՀ ոստիկանության պետին ուղարկվել էին գրություններ այդ խոչընդոտները վերացնելուն ուղղված համապատասխան միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ:
Գլխավոր դատախազի այս նախաձեռնության հիման վրա ՀՀ գյուղատնտեսության նախարարության «Հայանտառ» ՊՈԱԿ-ում, ՀՀ գլխավոր դատախազության ներկայացուցիչների մասնակցությամբ, քննարկվել է «Պետական անտառների օգտագործման՝ անտառահատման և անտառային տոմսերի ձևերը և տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ գյուղատնտեսության նախարարի 2012թ. սեպտեմբերի 5-ի հրամանի հավելվածում դատախազության նկատառումների ու առաջարկությունների հիման վրա լրացումներ կատարելու հարցը:
ՀՀ բնապահպանության նախարարին և ՀՀ ոստիկանության պետին հասցեագրված ՀՀ գլխավոր դատախազի գրությունները ևս կոնկրետ քայլեր են հաջորդել: Մասնավորապես մշակվել ու շրջանառության մեջ է դրվել ապօրինի ծառահատումների կանխարգելման ու տեղափոխման դեմ ՀՀ բնապահպանության նախարարության և ՀՀ ոստիկանության կողմից իրականացվող համատեղ միջոցառումների պլան, որում տեղ են գտել նաև ՀՀ գլխավոր դատախազի շեշտադրած ուղղություններով ձեռնարկվելիք միջոցառումները:
Այդ պլանը ՀՀ գլխավոր դատախազության կողմից ուղարկվել է ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Երևան քաղաքի վարչական շրջանների դատախազություններ՝ դրանով նախատեսված միջոցառումների իրականացումն ամենօրյա ուշադրության կենտրոնում պահելու համար:
ՀՀ գլխավոր դատախազությունում կատարված վերլուծության արդյունքում քրեական հետապնդման մարմինների կողմից ձևավորվել է միասնական իրավական դիրքորոշում առ այն, որ ապօրինի ծառահատմամբ որպես շրջակա միջավայրին պատճառված վնաս պետք է գնահատել բուսական աշխարհին պատճառված վնասի սակագների բազմապատիկներով հաշվարկվող` հատուցման ենթակա արժեքը:
Բացի դրանից, ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից վեր են հանվել անտառների և անտառային հողերի օգտագործման, ապօրինի ծառահատման հետևանքով բնությանը պատճառված վնասի արձանագրման և հաշվարկման վերաբերյալ հարաբերությունները կարգավորող, համապատասխան պատասխանատվություն նախատեսող իրավական ակտերը: Մշակվել է առաջարկությունների փաթեթ՝ ուղղված այդ իրավական ակտերում առկա էական հակասությունները և անհստակությունները շտկելուն:
Արդյունքում բարելավել է ծառահատումների և փայտանյութի տեղափոխման վերահսկողության, ապօրինի անտառահատումների կանխարգելման, այս հանցատեսակի դեմ պայքարի արդյունավետությունը:
2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ապօրինի ծառահատման դեպքերով, ՀՀ քրեական օրենսգրքի 296-րդ հոդվածի հատկանիշներով հարուցվել է 44 քրեական գործ՝ որից 4-ը ՀՀ ԿԱ Ազգային անվտանգության ծառայության, մնացածը Տավուշի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի, Գեղարքունիքի մարզերի, Երևանի տարբեր վարչական շրջանների իրավապահ մարմինների կողմից:
Ապօրինի ծառահատման հետ կապված՝ պաշտոնեական հանցագործության դեպքերով 2017թ. հուլիսի 1-ից մինչև 2017թ. հոկտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում հարուցվել է 4 քրեական գործ, որից 1-ը՝ ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, 1-ը՝ 296-րդ հոդվածի 3-րդ մասով և 308-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ 314-րդ հոդվածի 1-ին մասով, 1-ը՝ 296-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 2-րդ, 311-րդ հոդվածի 1-ին և 312-րդ հոդվածի 2-րդ մասերով:
Այս քրեական գործերով ապօրինի հատման հետևանքով պետությանը և բնությանը պատճառված ընդհանուր վնասի չափը կազմել է 1 213 376 560 ՀՀ դրամ:
Հարուցված քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավվել է 7 անձ, (որոնցից 2-ը՝ պաշտոնատար անձ):
2017թ. հուլիսի 1-ից մինչև հոկտեմբերի 14-ն ընկած ժամանակահատվածում մեղադրական եզրակացությամբ դատարան է ուղարկվել 3 քրեական գործ` 3 անձի նկատմամբ:
[b] ՀՀ դատախազության հանրային կապերի բաժին[/b]
Նմանատիպ նյութեր
3370 դիտում
19:20 23-10-2017
Ապօրինի անտառահատումների դեմ ՀՀ դատախազության նախաձեռնության արդյունքները. ՏԵՍԱՆՅՈՒԹ
1360 դիտում
14:19 05-02-2021
Ապօրինի անտառահատումների դեմ պայքարի շրջանակում առաջարկություններ են ներկայացվել ՇՄ նախարարությանը
Այս բաժնից
820 դիտում
18:38 21-12-2024
Շիրակի մարզում շրջայցի ընթացքում Պապոյանն արձանագրել է մի շարք խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն
850 դիտում
17:42 21-12-2024
Հակակոռուպցիոն կոմիտեն մերժել է Հովիկ Աղազարյանի փաստաբանի դիմումը․ «Ազատություն»