29083 դիտում
22:16 17-10-2017
«Կոնվերս» բանկի նկատմամբ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալվածները տեղափոխվել են դատարան. սկսվել է դռնփակ դատական նիստը
Այսօր՝ հոկտեմբերի 17-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք- Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված քննչական բաժնի պետի տեղակալ Գարեգին Հովհաննիսյանը միջնորդություն է ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ինչպես հայտնում ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, քննիչը միջնորդել է, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի օրերս Երևանի Սայաթ-Նովա պողոտայում գործող «Կոնվերս» բանկում ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված 29-ամյա Դավիթ Գրիգորյանի, 30-ամյա Արսեն Գրիգորյանի և 34-ամյա Մարատ Գալստյանի, 38-ամյա Աշոտ Մանուկյանի նկատմամբ:
Դատավոր Մնացական Մարտիրոսյանը 3-ի նկատմամբ արդեն դռնփակ դատական նիստերն անցկացրել է և քիչ անց պետք է անցկացնի 4-րդի դռնփակ դատական նիստը, որից հետո խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հրապարակելու է որոշումը, ինչից հետո էլ պարզ կլինի ՝ դատարանը բավարարում է միջնորդությունը, թե ոչ:
Եթե դատարանը բավարարեց, ապա կասկածյալները տեղափոխվելու են Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ, իսկ մինչ այդ քննիչի որոշմամբ նրանք ձերբակալվել էին և գտնվում էին Ոստիկանության Երևան քաղաքի վարչության ձերբակալվածների պահման վայրում:
Ինչպես [url=https://shamshyan.com/hy/article/2017/10/16/1079946/]ավելի վաղ[/url] հայտնել էր [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը, հոկտեմբերի 9-ին «Կոնվերսբանկ» ՓԲԸ-ում կատարված ավազակային հարձակումը բացահայտվել է:
Այս մասին ֆեյսբուքյան իր էջում նշել էր ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Աշոտ Ահարոնյանը.
«Հոկտեմբերի 9-ին անհայտ անձը, գրությամբ սպառնալով «Կոնվերսբանկ» ՓԲԸ «Սայաթ-Նովա» մասնաճյուղի կառավարչին, հափշտակել էր 200 հազար դոլարին համարժեք գումար ու դիմել փախուստի:
Դեպքի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Ոստիկանության եւ Ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ավազակային հարձակումը բացահայտվել է:
Ձերբակալվել են Երեւանի բնակիչներ, 29-ամյա Դավիթ Գրիգորյանը, 30-ամյա Արսեն Գրիգորյանը եւ 34-ամյա Մարատ Գալստյանը: Աշտարակի բնակիչ, 29-ամյա Պյոտր Ցիգանովը ավազակային հարձակումը կատարելու կասկածանքով որոնվում է:
Դավիթ Գրիգորյանը բերման է ենթարկվել դեպքից հինգ օր անց, մայրաքաղաքի Չեխովի փողոցից: Արսեն Գրիգորյանն ու Մարատ Գալստյանը բերման են ենթարկվել հաջորդ օրը Արմավիրի մարզի Մրգաշատ գյուղից:
Հոկտեմբերի 15-ին Մարատ Գալստյանի տանը եւ օժանդակ շինություններում խուզարկությամբ հայտնաբերվել են գործարանային համարով «ՏՕԶ» տիպի հրացան եւ «ԱԿ» ինքնաձիգի նմանվող, առանց գործարանային համարի հրազեն: Քննվող գործի շրջանակներում դարձյալ հոկտեմբերի 15-ին խուզարկվեցին նաեւ Երեւանի բնակիչ, 1979 թ. ծնված Աշոտ Մանուկյանի բնակարանն ու օժանդակ շինությունները:
Հայտնաբերվել է կանեփանման զանգված, «ԱԿ» տիպի ինքնաձիգ՝ երկու լիցքավորված պահունակներով, «Ֆորտունա» գրառումով ատրճանակ՝ լիցքավորված պահունակով, տարբեր տրամաչափի հիսուն փամփուշտ, էլեկտրահարող սարք, ինքնաձիգի խլացուցիչ, ավտոմեքենայի պետհամարանիշեր, որոնք, ինչպես պարզվել է, սեպտեմբերի 29-ին գողացվել էին Մաշտոցի վարչական տարածքից: Աշոտ Մանուկյանը եւս ձերբակալվեց: Հայտնաբերվածն ուղարկվել է դատաձգաբանական եւ դատաքիմիական փորձաքնության:
Ձեռնարկվում են միջոցառումներ Պյոտր Ցիգանովին ու գողոնը հայտնաբերելու ուղղությամբ»:
[color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
Տեսանյութերը՝ ՀՀ Ոստիկանության և Սմբատ Պետրոսյանի