211652_close_icon
views-count7350 դիտում article-date 19:09 18-10-2017

Լեհաստանը հավասարակշիռ մոտեցում ունի ԼՂ հիմնախնդրի վերաբերյալ. Լեհաստանի նախագահ

Այսօր՝ հոկտեմբերի 18-ին, սկսվել է ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանի գլխավորած պատվիրակության պաշտոնական այցը Լեհաստանի Հանրապետություն: Պատվիրակության կազմում են ՀՀ ԱԺ պատգամավորներ Արմեն Աշոտյանը, Վահան Հարությունյանը, Արմեն Ռուստամյանը, Էդմոն Մարուքյանը եւ Կարինե Պողոսյանը: Նույն օրը ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը Վարշավայում հանդիպել է Լեհաստանի Հանրապետության նախագահ Անջեյ Դուդայի հետ: Հայաստանի խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ նշել է, որ հայ եւ լեհ ժողովուրդների` բազմադարյա բարեկամության վրա հիմնված միջպետական հարաբերություններն անցած 25 տարվա ընթացքում ընդլայնվել ու զարգացել են. անցնող տարիները նշանավորվել են երկրների միջեւ կանոնավոր քաղաքական երկխոսությամբ եւ բարձրաստիճան փոխայցերով: «Նման մակարդակով այցերը կարեւոր են երկկողմ հարաբերությունների զարգացման եւ խորացման համար»,-ասել է Արա Բաբլոյանը: Խոսելով երկկողմ փոխգործակցության մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը մեծապես կարեւորում է խորհրդարանական դիվանագիտության դերը եւ շահագրգիռ է բարեկամ երկրների օրենսդիր մարմինների միջեւ երկխոսության աշխուժացմամբ: Ըստ Արա Բաբլոյանի՝ հայ-լեհական միջխորհրդարանական կապերի ընդլայնումը կարեւոր հիմք է միջպետական հարաբերությունների խորացման համար: ՀՀ խորհրդարանի նախագահը հույս է հայտնել, որ օրենսդիր մարմիններում գործող բարեկամական խմբերն առաջիկա տարիների ընթացքում ակտիվ գործունեություն կծավալեն: Անդրադարձ է կատարվել նաեւ միջխորհրդարանական հարթակներում փոխգործակցությանը: Արա Բաբլոյանը կարեւորել է Հայաստանի եւ Լեհաստանի ազգային պատվիրակությունների միջեւ միջազգային խորհրդարանական տարբեր վեհաժողովների շրջանակում ակտիվ համագործակցության զարգացումը: Խոսելով Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի մասին՝ ՀՀ ԱԺ նախագահը մասնավորապես ընդգծել է, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ հակամարտության խաղաղ կարգավորմանը: ՀՀ խորհրդարանի ղեկավարը նշել է, որ հայ-լեհական համագործակցության օրակարգում կարեւոր տեղ են զբաղեցնում Հայաստան-ԵՄ հարաբերությունները՝ հավելելով, որ Լեհաստանը՝ որպես Արեւելյան գործընկերության համահեղինակ, ակտիվ դերակատարում ունի Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման գործում: Լեհաստանի նախագահը, շնորհակալություն հայտնելով ՀՀ ԱԺ նախագահին այցելության համար, վստահեցրել է, որ իր երկիրը եղել եւ մնում է Հայաստանի լավագույն բարեկամը: Անջեյ Դուդայը կարեւորել է միջխորհրդարանական համագործակցությունը երկու երկրների միջեւ եւ հույս հայտնել, որ այդ հարաբերություններն առավել կամրապնդվեն եւ կխորանան: Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ Լեհաստանի նախագահը վերահաստատել է իրենց հավասարակշիռ մոտեցումն ու համոզմունք հայտնել, որ խնդիրը պետք է լուծվի բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ձեւաչափում:

Նմանատիպ նյութեր