65882 դիտում
18:07 22-10-2017
Արտակարգ դեպք Վանաձորում. 26-ամյա զինղեկը ոստիկաններին «Գյուլնազ տատու» հեքիաթ էր պատմում. Վանաձորի ոստիկանները պարզեցին իրականությունը
Երեկ՝ հոկտեմբերի 21-ին, վրաերթ է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 14:50-ի սահմաններում, Վանաձորի բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին հայտնել են, որ գլխուղեղի ցնցում հարցականով, դեմքի աջ կեսի և քունքային շրջանի քերծվածքներ, երկու դաստակների քերծվածքներ, կոնքի աջ շրջանի քերծվածքներ ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց է մեկնել ոստիկանության Բազումի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի տեղակալ Գուրջանյանի գլխավորությամբ: Ժամանել են նաև ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 5-րդ վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ դասակի հրամանատար Գարիկ Մարտիրոսյանի գլխավորությամբ:
Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Գյուլագարակ գյուղի բնակիչ, 26-ամյա Կարեն Մատինյանն է, ով ոստիկաններին հայտնել է, որ մարմնական վնասվածքները ստացել է «Ավտոգեն-Մ» գործարանի մոտ՝ վայր ընկնելու հետևանքով:
Ֆոտոլրագրողը հայտնում է նաև, որ ոստիկանները Կ. Մատինյանի խոսքը «հալած յուղի» տեղ չեն ընդունում, ու կարճ ժամանակ անց ոստիկանության Բազումի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի ծառայողները պարզում են, որ Կ. Մատինյանը փորձել է ոստիկաններին մոլորեցնել ու «Գյուլնազ տատու» հեքիաթ է պատմել:
Նա իրականում նույն օրը՝ ժամը 13:30-ի սահմաններում, վրաերթի է ենթարկվել Վանաձոր քաղաքի բնակիչ, 40-ամյա Օնիկ Նալբանդյանի վարած «Opel Vectra» մակնիշի 32LՍ140 համարանիշի ավտոմեքենայով, Վանաձոր քաղաքի Թումանյան փողոցի թիվ 8 հասցեի մոտ:
Փաստի առթիվ ավագ հետաքննիչ Պետրոսյանի կողմից նյութեր են նախապատրաստվում:
Գ. Շամշյանի տեղեկություններով, վրաերթի ենթարկված Կ. Մատինյանը աշխատում է Գյուլագարակ գյուղի դպրոցում` որպես զինղեկ: