211652_close_icon
views-count8569 դիտում article-date 10:15 27-10-2017

Կարևոր հայտարարություն՝ ԱՄՆ-ի փոխնախագահ Մայք Փենսը խոսել է Հայկական լեռնաշխարհի և քրիստոնեության մասին. «Ամերիկայի ձայն»

«Այսօր ես եկել եմ ասելու ձեզ՝ օգնությունը ճանապարհին է»,- Միացյալ Նահանգների փոխնախագահ Մայք Փենսն «Ի պաշտպանություն քրիստոնյաների» գագաթաժողովի իր հայտարարության ընթացքում ազդարարել է Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների նկատմամբ Վաշինգտոնի քաղաքականության արմատական փոփոխության մասին: ՄԱԿ-ը Փենսի խոսքով, լիարժեք չի կատարում իր առաքելությունը: Արդյունքում տարածաշրջանում փոքրամասնություն կազմող քրիստոնյա համայնքներին ամերիկյան օգնությունը գրեթե չի հասնում. «Մերձավոր Արևելքի մեր քրիստոնյա բարեկամները չպետք է ապավինեն միջազգային կազմակերպություններին: Ամերիկան կարող է նրանց ուղղակի օգնել: Ուստի պատիվ ունեմ հայտարարելու, որ նախագահ Թրամփը հրահանգել է Պետքարտուղարությանը դադարեցնել ՄԱԿ-ի անարդյունավետ օգնության ֆինանսավորումը: Այսուհետ Ամերիկան ուղղակի օժանդակություն կտրամադրի այդ համայնքներին»: Թրամփի վարչակազմի որոշումը լայն աջակցություն է գտել ոչ միայն գագաթաժողովին ներկա Մերձավոր Արևելքի քրիստոնյա համայնքների ներկայացուցիչների, այլև ամերիկյան օրենսդիրներից շատերի կողմից: Կոնգրեսական Քրիս Սմիթի խոսքով դա թույլ կտա քրիստոնյաներին իրական օգնություն ստանալ. «Քրիստոնյաները չէին այցելում ՄԱԿ-ի օգնության կետերը, քանի որ քրիստոնյա կանանց նկատմամբ կարող էին բռնություն կիրառել, իսկ տղամարդկանց ծեծի ենթարկել կամ սպանել: Նման կետերից շատերում նրանց մահացու վտանգ էր սպառնում»: Իր ելույթում փոխնախագահ Փենսը հիշեցնում է, քրիստոնեությունը տարածվել է հենց Մերձավոր Արևելքից. «Սիրիայի սարերում, Լիբանանի հովիտներում, Նինվեի հարթավայրերում, Հայկական լեռնաշխարհում, Տիգրիսի և Եփրատի ափերից մինչև Նեղոսի դելտա մեր հավատքի հայրերն ու մայրերը Քրիստոնյա հավատքի սերմերն են տնկել»: Իրաքից գագաթաժողովին ժամանած Մայր Օլգան ընդգծում է՝ Հայկական, Սիրիական և Խալդյան եկեղեցիները քրիստոնեությունը ստաց են դեռևս առաջին դարում առաքյալներից, հետևաբար և կոչվում են՝ Առաքելական. «Մայրս հայ է և մինչ օրս աղոթում է միայն հայերեն, նշում Սուրբ Ծնունդը Հայ առաքելական եկեղեցու հետ, քանի որ կապված է իր արմատներին: Դա պետք է հարգել և թույլ տալ մարդկանց պահպանել կապն արմատների հետ»: Գագաթաժողովի կազմակերպիչներից՝ Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի ներկայացուցիչ Արամ Համբարյանը նշում է, որ Մերձավոր Արևելքում քրիստոնյաների պահպանության և այլ հարցերն անհրաժեշտ է դիտարկել ոչ թե քաղաքական այլ՝ բարոյական տեսանկյունից. «Կարիք չկա ընտրություն կատարելու հզոր և արդար լինելու միջև, նման ընտրություն գոյություն չունի, մենք կարող ենք և պետք է լինենք հզոր և արդար»: Իր ելույթում Մայք Փենսը ընդգծում է՝ ամերիկյան աջակցությունը վճռական է Մերձավոր Արևելքի քրիստոնյաների պահպանման համար. «Միացյալ Նահանգները միշտ կսատարի նրանց, ովքեր տառապանքներ են կրում իրենց հավատքի համար: Մենք միշտ նրանց ի սատար ենք կանգնելու»: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4087743.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր