211652_close_icon
views-count34491 դիտում article-date 10:44 28-10-2017

«Դու վաբշե խոսելու տեղ չունես». ոչ մեկի բերանը պետք չի փակել «ում կովը բառաչեր» փաստարկով. «Առավոտ»

«Առավոտ» թերթի առաջնորդողը գրում է. «Պաշտպանության նախարարի ներկայացրած «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքի նախագծի խորհրդարանական քննարկումն, իմ կարծիքով, ընթացավ սխալ ուղղությամբ: Թեև սխալ, բայց հայաստանայան քաղաքական մշակույթին չափազանց հատուկ անձնական շեշտադրումներով. «բա դու ծառայել ես բանակում», «բա դու վաբշե խոսելու տեղ չունես, որովհետև բանակում չես ծառայել», «բա դու ո՞նց ես ծառայել», «բա դո՞ւ ինչու ես պատվոգիր ստացել»: Այդ ամենն, իհարկե, շատ հետաքրիքր է, բայց օրենքի բովանդակության հետ կապ չունի: Ընդհանրապես «դու այսինչ թեմայով իրավունք չունես խոսելու, որովհետև...» արտահայտությունն, իմ կարծիքով, փաստարկ չէ: Բոլորն ամեն ինչի մասին իրավունք ունեն խոսելու. Շմայսը՝ բարեկրթությունից, Վազգեն Խաչիկյանը՝ կոռուպացիայի դեմ պայքարից, Ռոբերտ Քոչարյանը՝ ժողովրդավարությունից և մամուլի ազատությունից: Ոչ մեկի բերանը պետք չի փակել «ում կովը բառաչեր» փաստարկով՝ այս պարագայում վեճի բովանդակությունն է փոխվում: Այնումանայնիվ, տուրք տալով խորհրդարանական քննարկումների «թրենդին», խոստովանեմ՝ ես խորհրդային բանակում չեմ ծառայել (իմ երտասարդության ժամանակ բանակը խորհրդային էր): Կոնսերվատորիան ավարտելուց հետո ես երեք տարի աշխատել եմ գյուղում որպես ուսուցիչ, և դա օրինական կերպով ազատում էր բանակից: Այն պահի դրությամբ (1983-86 թվականներ) նման օրենքի մեջ, կարծում եմ, տրամաբանություն կար: Հսկայական մարդկային ռեսուրսներ ունեցող պետությունը գտնում էր, որ բարձրագույն կրթությամբ երիտասարդների մի մասը պետք է լրացնի գյուղական դպրոցների թափուր տեղերը: Իհարկե, կային երիտասարդներ, որոնք կաշառք էին տալիս դպրոցի տնօրենին կամ «շրջժողկրթբաժվարին» և շարունակում էին անհոգ ապրել Երևանում: Բայց անձամբ ես, ինչպես հասկանում եք, դասավանդում էի բարեխճորեն (ցանկացողները կարող են ստուգել), և այդ երեք տարիների փորձն օգտակար էր թե ինձ, և թե, հուսով եմ, իմ աշակերտների և գործընկերների համար: Այժմ (2017 թվականին) ես նույնպես տրամաբանություն եմ տեսնում առաջարկվող փոփոխությունների մեջ. բարձրագույն կրթությամբ երիտասարդը կարող է օգտակար լինել բանակին և արտոնյալ պայմաններով երեք տարի ծառայել որպես սպա (եթե ուզում է) կամ բուհ ընդունվելուց առաջ երկու տարի ծառայել որպես զինվոր: Իհարկե, այստեղ էլ կարող են լինել կոռուպցիոն սողանցքներ, որոնց մասին պատգամավորները պետք է մտածեն մինչև երկրորդ ընթերցումը: Բայց սկզբունքը ճիշտ է՝ ժամանակակից բանակը և ժամանակակից պատերազմը շատ ավելի «տեխնոլոգիական են», քան թեկուզ 20 տարի առաջ: Այսօր ավելի, քան երբևէ պետք են կրթված, զարգացած մասնագետ-սպաներ: …Իսկ երիտասարդները կարող են չանհանգստանալ. ով ասելիք ունի գիտության մեջ կամ որևէ այլ ասպարեզում, անպայման իր խոսքը կասի: Բանակը չի խանգարի»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր