Մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը
Այս գիշեր «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացել է Հոկտեմբերի 27-ի գործով ցմահ ազատազրկման դատապարտված Էդուարդ Գրիգորյանը: Այս մասին տեղեկացրին ՀՀ արդարադատության նախարարության քրեակատարողական վարչությունից։
Է. Գրիգորյանը գիշերը սրտի շրջանում սուր ցավել է ունեցել, արագ հրավիրվել է շտապօգնություն, նրան տեղափոխել են «Էրեբունի» բժշկական կենտրոն, որտեղ գրանցվել է կենսաբանական մահ:
Նշենք, որ Է. Գրիգորյանը սրտի փականի վիրահատության էր ենթարկվել 2013 թվականին «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնում:
Հիշեցնենք, որ 1999 թվականի հոկտեմբերի 27-ին մասնագիտությամբ բժիշկ Էդուարդ Գրիգորանը, Նաիրի և Կարեն Հունանյանների, նրանց քեռի Վռամ Գալստյանի և խմբի մյուս անդամների հետ մուտք էր գործել Ազգային ժողով և գնդակահարել 8 մարդու: Ահաբեկչության զոհ էին դարձել վարչապետ Վազգեն Սարգսյանը, ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը, ԱԺ փոխնախագահներ Յուրի Բախշյանը և Ռուբեն Միրոյանը, օպերատիվ հարցերի նախարար Լեոնարդ Պետրոսյանը, խորհրդարանի պատգամավորներ Արմենակ Արմենակյանը, Հենրիկ Աբրահամյանը և Միքայել Քոթանյանը: