211652_close_icon
views-count6663 դիտում article-date 10:51 04-11-2017

Հայկական կողմը մաքսիմալիստական մոտեցում ուներ. Քիլիք Քանաթ. «Ամերիկայի ձայն»

Հայկական կողմին Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար անհրաժեշտ կլինի համբերատարություն դրսևորել, Վաշինգտոնում անցած քննարկման ընթացքում նշել է ԱՄՆ-ում թուրքական SETA հիմնադրամի հետազոտությունների ղեկավար Քիլիք Քանաթը՝ անդրադառնալով 2009-ին ԱՄՆ-ի նախագահ Օբամայի վարչակազմի կողմից նախաձեռնած հայ-թուրքական մերձեցման նախաձեռնության ձախողմանը. «Այն դեպքում հայկական կողմը մաքսիմալիստական մոտեցում ուներ՝ փորձելով բոլոր հարցերը լուծել մեկ հայտարարության ստորագրմամբ, որը չհաջողվեց և ողջ գործընթացը ձախողվեց»: Թուրք վերլուծաբանի խոսքով, ԱՄՆ-ի նոր վարչակազմը կարող է հայ-թուրքական մերձեցման նոր նախաձեռնություն առաջարկել միայն եթե կողմերի միջև լինի վստահության մթնոլորտ: Միևնույն ժամանակ, Քիլիք Քանաթն ավելացնում է, որ այսօր նման մթնոլորտ չկա նույնիսկ Անկարայի և Վաշինգտոնի միջև: ԱՄՆ-ի և Թուրքիայի ղեկավարները հանդիպում են, բանակցում, սակայն դրա արդյունքում որև առաջընթաց չի գրանցվում, նշում է վերլուծաբանը: Ավելին, Թուրքիայում աճում են Ամերիկայի դեմ բացասական տրամադրությունները. «Այդ հակաամերիկյան տրամադրություններն ուղղված են տարածաշրջանում ԱՄՆ-ի գործողությունների, իսկ որոշ դեպքերում՝ անգործության դեմ»: Քննարկմանը որպես փորձագետ ներկա Պետքարտուղարության քաղաքականության մշակման խմբի անդամ գնդապետ Ռիչարդ Օութզենը նշեց, որ այսօր բարդ է լավատես լինել թուրք-ամերիկյան հարաբերությունների վերաբերյալ, հաշվի առնելով Էրդողանի կողմից իշխանությունն իր ձեռքում կենտրոնացման ուղղված քայլերը. «Միացյալ Նահանգների համար չափազանց կարևոր է, որ Թուրքիան լինի ոչ միայն կայուն և անվտանգ այլ նաև՝ ժողովրդավար և արևմտյան արժեքներով առաջնորդվող»: ԱՄՆ-ին զարմացնում է նաև Թուրքիայի իշխանությունների անհասկանալի որոշումը ռուսական արտադրության հակաօդային S-300 կամ S-400 համակարգեր գնելու վերաբերյալ, նշեց քննարկման մեկ այլ մասնակից, պաշտոնաթող ամերիկյան գեներալ Մարք Քիմմիթը. «ՆԱՏՕ-ն ստիպված է լինելու այդ դեպքում բազմաթիվ սահմանափակումներ մտցնել Թուրքիայի հետ հետախուզական և այլ տեղեկատվության փոխանակման վրա»: Գեներալ Քիմմիթի խոսքով, ռուսական զենք գնելու Թուրքիայի քաղաքական դրդապատճառները պարզ են, սակայն, այդ որոշումն իրականում ավելի է բարդացնելու ՆԱՏՕ-ի աշխատանքը և վնասելու է առաջին հերթին հենց Թուրքիային: Աղբյուրը՝ [url=https://www.amerikayidzayn.com/a/4099196.html]«Ամերիկայի ձայն»[/url]:

Նմանատիպ նյութեր