ԱՄՆ դատապարտել է Հոլոդոմորի ժխտման փորձերը
Հոլոդոմորի 84-րդ տարելիցի կապակցությամբ ԱՄՆ պետքարտուղարությունը հայտարարություն է տարածել: Հաղորդում է [url=https://www.radiosvoboda.org/a/news/28861150.html]«Ազատությունը»[/url]:
«Այս ամիս մենք հիշում և հարգանքի տուրք ենք մատուցում միլիոնավոր ուկրաինացիների, որոնք մահացել են սովից խորհրդային բռնազավթման տարիներին՝ 1930-ականների սկզբին՝ Ստալինի իրականացրած գազանաբարո քաղաքականության արդյունքում: Ուկրաինայի ցանքատարածքների և գյուղմթերքի բարբարոսական բռնագրավմամբ ժողովրդին սովի մատնելը XX-րդ դարի ամենադաժան ակտերից մեկն է, որի հետևանքով Եվրոպայի ամբարը վերածվել է մարդկային անչափելի տառապանքների տարածքի»,- ասված է հայտարարության մեջ:
«Ի վերջո, խորհրդային վարչակարգը չկարողացավ ոչնչացնել Ուկրաինայի ժողովրդի ինքնությունն ու անկախությունը: Միացյալ Նահանգները կանգնած է Ուկրաինայի ժողովրդի կողքին, հարգում Հոլոդոմորի զոհերի հիշատակը և դատապարտում է այս պատմական փաստը ժխտելու փորձերը: ԱՄՆ-ը նաև վերահաստատում է նվիրվածությունը անվտանգ և բարեկեցիկ, արտաքին հարձակումից և բռնազավթումից ազատված, սեփական ապագան ընտրելու ընդունակ Ուկրաինային»,- ասվում է պետքարտուղարության հայտարարության մեջ:
2006 թ. Նոյեմբերին Ուկրաինայի Վերին Ռադան ճանաչել է 1932-1933թթ. Հոլոդոմորը` որպես ուկրաինական ժողովրդի ցեղասպանություն: Ներկայումս աշխարհի 24 երկրներ ճանաչել են Հոլոդոմորը որպես ցեղասպանություն:
Ուկրաինայում Հոլոդոմորի զոհերի հիշատակի օրը նշվում է նոյեմբեր ամսվա 4-րդ շաբաթ օրը: Կիևի ժողովրդագրության ինստիտուտի և սոցիալական հետազոտությունների տվյալներով 1932-33թթ. Ուկրաինայում զանգվածային սովի հետևանքով մահացել են մոտ 4 մլն մարդ: