211652_close_icon
views-count2689 դիտում article-date 18:22 21-11-2017

Տարոն Մարգարյան. «Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից»

Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցած աշխատանքային խորհրդակցության ընթացքում, անդրադառնալով շինթույլտվությունների կարգի պարզեցման վերաբերյալ քաղաքապետարանի կողմից իրականացված ծրագրերին, քաղաքապետ Տարոն Մարգարյանը ճարտարապետության և քաղաքաշինության, քաղաքաշինության և հողի վերահսկողության վարչություններին հանձնարարել է հանրության շրջանում ակտիվացնել գործընթացի վերաբերյալ իրազեկման աշխատանքները: «Դեռևս անցած տարվանից Երևանի քաղաքապետարանն իրականացրել է լայնածավալ ծրագիր քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման կարգի պարզեցման ուղղությամբ: Մասնավորապես, պարզեցվել են փաստաթղթերի տրամադրման հետ կապված մի շարք գործընթացներ՝ զգալիորեն կրճատելով շինարարության թույլտվության տրամադրման ժամկետները: Այս ամենն արվում է Երևանում գործարար միջավայրի բարելավման միջոցառումների ծրագրի շրջանակում: Թեև քաղաքաշինական փաստաթղթերի տրամադրման, ինչպես նաև մայրաքաղաքում իրականացվող շինարարական գործընթացի այս կամ այն փուլը գտնվում է մեր ամենօրյա հսկողության տակ, սակայն պետք է փաստենք, որ հասարակության շրջանում դեռևս նկատվում է իրազեկվածության պակաս: Հետևաբար, այս ուղղությամբ պետք է լուրջ քայլեր ձեռնարկվեն: Քաղաքացին, գործարարը պետք է իրազեկ լինեն շինթույլտվությունների կարգի պարզեցման ընթացակարգերից և որ մեզ դիմելուց կստանան ամբողջական տեղեկատվություն շինարարական այս կամ այն գործընթացի վերաբերյալ», - ընդգծել է Տարոն Մարգարյանը: Երևանի քաղաքապետը հանձնարարել է նաև քաղաքապետարանի «Doing Business»-ի ցուցանիշի բարելավման նպատակով ստեղծված աշխատանքային խմբին մշակել քաղաքացիների համար համապատասխան ուղեցույցեր, որտեղ մատչելի կերպով կներկայացվեն շինթույլտվությունների տրամադրման ընթացակարգերն ու կանոնները:

Նմանատիպ նյութեր