211652_close_icon
views-count7292 դիտում article-date 10:16 22-11-2017

Նժդեհին Զախարովայի տված բնորոշումը կրկնվում է հնչեղ հարթակում. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է. «Հանրապետական կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը հայտարարում է, որ Հայաստանն ինքնիշխան պետություն է և ինքն է որոշում, թե ում արձանը դնի, իսկ ում արձանը՝ ոչ: Շարմազանովի հայտարարությունը վերաբերում է ռուսական «Զվեզդա» հեռուստաալիքով հեռարձակված և աղմուկ հանած հայտնի հաղորդմանը, որում հաղորդավարուհին ֆաշիզմին աջակցող է որակել Նժդեհին, նրա արձանի տեղադրումը, փաստորեն, համարելով ֆաշիզմի դրսևորում: Հաղորդմանը նաև ակնարկ է եղել ՀՀԿ տարբերանշանի, այսպես ասած, ֆաշիստականության մասին, և իհարկե՝ ագրեսիվ բնորոշումը Հայաստան-ԵՄ համաձայնագրին, որ պատրաստվում է ստորագրման նոյեմբերի 24-ին Բրյուսելում: ՀՀԿ խոսնակը միանգամայն համարժեք է աձագանքում կատարվածին՝ Հայաստանն ինքնիշխան պետություն է: Սակայն համարժեք միայն, այսպես ասած, բարոյական հարթության վրա, որովհետև քաղաքական տեսանկյունից հարցը, մեղմ ասած, մնում է բաց: Ընդ որում՝ այդ բացն ամենևին նոր չէ: Բանն այն է, որ երբ Հայաստանում տեղադրվում էր Նժդեհի արձանը, այն բնորոշումը, որ տվել է դրան «Զվեզդա» հեռուստաալիքի աղմկոտ հաղորդումը օրերս, հնչել էր այն ժամանակ ՌԴ ԱԳՆ խոսնակ Զախարովայի շուրթերից: Ի պատասխան, ՀՀԿ-ն արձագանքեց չափազանց զգուշավոր, իսկ ՀՀԿ խորհրդարանական խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը հայտարարեց, որ իրենք, այսպես ասած, պատմական տեղեկանք են պատրաստել և ուղարկել Զախարովային, որ նա տեղեկանա, թե իրականում ով է Նժդեհը: Այսինքն՝ ՀՀԿ-ն այն ժամանակ գտավ, այսպես ասած, հնարքը և ամեն ինչ վերագրեց Զախարովայի պատմության չիմացությանը: Այն ժամանակ չհնչեց հստակ և միարժեք քաղաքական արձագանք, չցուցաբերվեց համարժեք վերաբերմունք: Եվ ահա արդյունքը՝ իհարկե այլևս չի խոսում ԱԳՆ խոսնակը, բայց Նժդեհին տրված բնորոշումը կրկնվում է ոչ պակաս հնչեղ հարթակում՝ ՊՆ սեփականությունը հանդիսացող հեռուստաալիքում»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր