«Բերքառատ Արցախ». սպասելիքներն ու ցանկությունները կախված կլինեն վաղվա Հեռուստամարաթոնից
Վաղը՝ նոյեմբերի 23-ին, ԱՄՆ-ում անցկացվելիք «Հայաստան» համահայկական հիմնադրամի ամենամյա Հեռուստամարաթոնից, որը կկրի «Բերքառատ Արցախ» խորագիրը, Արցախում մեծ են սպասելիքները, տեղեկացնում է «[url=http://artsakhpress.am/arm/news/76558/berqarat-arcakh-spaseliqnern-u-cankutyunnery-kakhvats-klinen-vaxva-herustamaratonic.html]Արցախպրես[/url]»-ը։
«Ջրի խնդիրը հաճախ ստիպում է հազարավոր հեկտար բերրի հողատարածքներ թողնել անմշակ:
Կամ ռիսկի ենք դիմում, սպասում, որ տարին բարենպաստ կլինի, անձրև կտեղա ու երբ հանկարծ ոչ մի կաթիլ… առաջ են գալիս բազմաթիվ խնդիրներ, որոնց հաղթահարման համար մեզանից մեծ ռեսուրսներ են պահանջվում»,- այս մասին «Արցախպրես»-ի հետ զրույցում ասել է Ասկերանի շրջանում հողագործությամբ զբաղվող երիտասարդ ֆերմեր Արեն Խաչատրյանը:
Մեր զրուցակցի խոսքով՝ ինքը զբաղվում է այգեգործությամբ, որի ծավալները մեծ չեն: Բայց եթե դրամահավաքի արդյունքում լուծվի ոռոգման ջրի խնդիրը, այն նոր հնարավորություններ կստեղծի իր համար՝ այգիները մեծացնելու և ավելի շատ բերք արտադրելու:
Իսկ Մարտակերտի շրջանում հողի մշակությամբ զբաղվող Արամ Վերդյանը նշել է, որ Արցախը լինելով գյուղատնտեսական երկիր, դաշտավայրային տարածքներում ջրի լուրջ խնդիր ունի:
«Գաղտնիք չէ, որ շատ երիտասարդներ գյուղատնտեսությամբ չեն ցանկանում զբաղվել, քանի որ ջուր չկա: Հող ունենք, գյուղտեխնիկայի խնդիրը հիմնականում լուծված է, բերքի իրացման հետ կապված ևս խնդիրներ չկան, բայց ջրի բացակայությունը շատերին է զրկում ոլորտը զարգացնելու հնարավորությունից, ինչը կբավարարի ոչ միայն տեղական պահանջարկը, այլև բերքը կարտահանվի և լրացուցիչ եկամուտների աղբյուր կդառնա»,- ասել է Ա. Վերդյանը և հավելել, որ Հեռուստամարաթոնից մեծ սպասելիքներ ունի և համոզված է, որ ջրարբիացման հետ միասին Արցախում կյանքի կենսամակարդակը դրական առումով շատ է փոխվելու:
«Բերքառատ Արցախ» խորագիրը կրող Հեռուստամարաթոնի ընթացքում հավաքագրված միջոցների մեծ մասը կուղղվի Արցախում ոռոգման համակարգերի կառուցմանն ու արդիականացմանը, և հիմնական աշխատանքները կծավալվեն Մարտունու, Ասկերանի և Հադրութի շրջաններում:
«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում ԱՀ գյուղատնտեսության նախարարության ջրային համակարգերի շահագործման և պահպանության պետական տեսչության պետ Արմեն Ներսիսյանն ասել է, որ վերոնշյալ շրջանների ընտրությունը կապված է տեղանքում ինքնահոսի և այլ ոռոգման եղանակներ չունենալու պատճառով:
«Ընտրված շրջաններում հողօգտագործողները հիմնականում զբաղվելու են բանջարաբոստանային կուլտուրաների մշակմամբ և այգեգործությամբ: Իսկ այն հողօգտագործողները, ովքեր ցանկություն ունենան օգտվելու կաթիլային ոռոգման համակարգից, պետության կողմից աջակցություն կստանան»,- ասել է Ա. Ներսիսյանը և ավելացրել, որ այս տարվա Հեռուստամարաթոնի թեման մեծ ոգևորություն է առաջացրել Արցախում, քանի որ շատ-շատերի մոտ արդեն հողի մշակության նկատմամբ մեծ հետաքրքրություն է նկատվում:
Տեղեկացնենք, որ, Հեռուստամարաթոնին ընդառաջ, արդեն կատարվել է առաջին խոշոր նվիրատվությունը: Մասնավորապես՝ նոյեմբերի 12-ին «Հայաստան» համահայկական հիմնադրամի Կանադայի տեղական մարմնի կազմակերպած հանդիսավոր ճաշկերույթի ընթացքում կատարվել է 530 հազար ԱՄՆ դոլարի հանգանակություն։